Բավականին բովանդակային փոփոխություններ են կատարվում Հարկային օրենսգրքի մեջ ու սրանց ընդհանուր նպատակն այն է, որ մենք ի վերջո մոտենանք արդար հարկային համակարգին, այսինքն մարդիկ, որոնք աշխատում են նույն ոլորտում, իրարից մի քանի անգամ տարբեր հարկային բեռ չունենան, բայց ոլորտների մեջ նույնպես հարկային բեռը խտրական չլինի: Այս մասին այսօր Ազգային ժողովում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Շրջնառության հարկի վերաբերյալ նա ասաց, որ թեև մի կողմից անվանական դրույքաչափը բարձրանում է, բայց մյուս կողմից՝ ընկերություններն ունեն իրենց ծախսերը փաստաթղթավորելու ու հարկը պակասեցնելու իրավունք: «Այն ոլորտներում, որտեղ որ դրույքաչափը բարձրացվում է, ծառայությունների ոլորտում օրինակ, եթե ծախսագրելու հնարավորություն չկա, հիմա տրվում է»,- ասաց նա և նշեց, որ այս փոփոխությունների նպատակը ֆիսկալ չէ:

«Այսինքն մենք չենք փորձում սրա արդյունքում ավելի հարկեր հավաքել, մենք ցանկանում ենք ուղղակի այս պահին փաստացի կիսաաղավաղված հարկային համակարգը բերել ավելի հասկանալի ու նորմալ ստանդարտների»,- հավելեց նա:

454