Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները (լուսանկարներ)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի արդյունքներն ամփոփվել են «Earth Negotiations Bulletin» (ENB) միջազգային մասնագիտացված փորձագիտական խմբի զեկույցում։

Զեկույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի նախագահության դերին և Երևանում ձեռք բերված պայմանավորվածություններին, նաև՝ կենսաբազմազանության պահպանման ոլորտում առկա մարտահրավերներին ու հետագա անելիքներին։

Earth Negotiations Bulletin-ի՝ COP17-ի ամփոփիչ զեկույցի կարևոր կետերը՝ ըստ կից փաստաթղթի․
- Հայաստանի նախագահության դերը՝ բարդ հարցերի շուրջ համաձայնության հասնելու գործում։ Զեկույցն ընդգծում է, որ ոչ պաշտոնական քննարկումների և COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հմուտ առաջնորդության շնորհիվ հնարավոր դարձավ համաձայնության հասնել մի շարք տարաձայնություններ առաջացրած հարցերի շուրջ։ Որոշումներն ընդունվեցին հոկտեմբերի 31-ին՝ գիշերվա ընթացքում շարունակված բանակցություններից հետո։
- Առաջին գլոբալ վերանայում և «Երևանյան ուղի»։ Գնահատվեց Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման հավաքական առաջընթացը։ Սահմանվեցին մինչև 2030 թվականը գործողություններն արագացնելու ուղղությունները՝ ազգային հանձնառությունների ամրապնդում, ֆինանսավորման ընդլայնում, մշտադիտարկման բարելավում և ամբողջ հասարակության ներգրավում։
- Հիմնական մտահոգությունը՝ հանձնառությունների և իրական գործողությունների միջև բացը։ Չնայած քաղաքական կամքի և մասնակցության աճին՝ զեկույցը փաստում է, որ ներկայիս տեմպերով մինչև 2030 թվականը թիրախներին հասնել հնարավոր չի լինի։ Հատկապես հետ են մնում բիզնեսի ազդեցության նվազեցումը, կայուն սպառումը, կարողությունների զարգացումն ու տեխնոլոգիաների փոխանցումը։
- Կենսաբազմազանության ֆինանսավորման շուրջ փոխզիջում։ Համաձայնեցվեցին ֆինանսական մեխանիզմի չափանիշները և ֆինանսավորում տրամադրող երկրների շրջանակը կամավոր հիմունքներով ընդլայնելու մոտեցումը։ Մշտական ֆինանսական մեխանիզմի վերջնական կառուցվածքի հարցը դեռ բաց է․ աշխատանքը շարունակվելու է մինչև COP19։
- Բնությանը վնասող խթանների և սուբսիդիաների վերափոխում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 18-րդ թիրախին՝ վնասակար խթանները տարեկան առնվազն 500 մլրդ ԱՄՆ դոլարով նվազեցնելուն և դրական խթաններն ընդլայնելուն։ Զեկույցում «Թիրախ 18-ի բարեկամներ» նախաձեռնությունն ու կենսաբազմազանության ֆինանսավորման երևանյան մարտահրավերը ներկայացվում են որպես խոստումները գործնական քայլերի վերածելուն նպաստող նախաձեռնություններ։
- Առաջընթաց՝ գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականությունների վերաբերյալ տեղեկատվության (DSI) հարցում։ Ստեղծվեց աշխատանքային խումբ՝ օգուտների բաշխման բազմակողմ մեխանիզմը, ներառյալ Կալիի հիմնադրամը, հետագայում զարգացնելու համար։ Հստակեցվեց, որ հիմնադրամի հավաստագիր ստանալու իրավունք են տալիս միայն սահմանված ցուցիչ դրույքաչափերին համապատասխան դրամական վճարումները՝ շահույթի 1%-ի կամ հասույթի 0,1%-ի չափով։
- Բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցության ամրապնդում։ Ընդունվեց Կոնվենցիայի 8(j) հոդվածի հարցերով օժանդակ մարմնի գործունեության կարգը։ Պահպանվեց համայնքների ներկայացուցիչների՝ սեփական ընթացակարգերով թեկնածու առաջադրելու հնարավորությունը․ համանախագահներից մեկի թեկնածությունն առաջադրում են կողմերը, մյուսինը՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներկայացուցիչները։ Որոշ կազմակերպական հարցեր մնացին COP18-ի քննարկմանը։
- Մի շարք հարցերի քննարկումը շարունակվելու է։ Ժամանակի սահմանափակման պատճառով որոշ նախագծեր չընդունվեցին և փոխանցվեցին հաջորդ համաժողովին, այդ թվում՝ այլ կոնվենցիաների հետ համագործակցության և Նագոյայի արձանագրության շրջանակում օգուտների բաշխման գլոբալ բազմակողմ մեխանիզմի վերաբերյալ հարցերը։
- COP18-ը՝ Էկվադորում։ Գաղտնի քվեարկությամբ հաջորդ համաժողովի հյուրընկալող երկիր ընտրվեց Էկվադորը։ Այն նախատեսվում է անցկացնել Կիտոյում՝ 2028 թվականի վերջին եռամսյակում։
- Հայաստանի հաղորդակցական աշխատանքի առանձնահատուկ անդրադարձ։ Զեկույցը դրականորեն անդրադառնում է երևանյան կապույտ թիթեռի շուրջ կառուցված՝ հյուրընկալող երկրի սոցիալական մեդիայի արշավին՝ այն ներկայացնելով որպես էկոլոգիական հավասարակշռության մեջ նույնիսկ ամենափոքր տեսակների կենսական դերը տեսանելի դարձնող ազդեցիկ պատկերային լուծում։
04 Նոյեմբեր, 2026 20:01
82
Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն այցելել են COP17-ի «Կապույտ» գոտի և Հայաստանի ազգային տաղավար
31 Հոկտեմբեր, 2026 22:45
COP17-ում ընդունվել է պատմական որոշում․ Համբարձում Մաթևոսյան
31 Հոկտեմբեր, 2026 10:12
Տեղի է ունեցել COP17-ին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը
29 Հոկտեմբեր, 2026 21:30
Դավիթ Թադևոսյանը մասնակցելու է Հայաստան–Մեծ Բրիտանիա գործարար համաժողովին
05 Հոկտեմբեր, 2026 22:37
Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովի
20 Հուլիս, 2026 16:18
Երևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանը
09 Հուլիս, 2026 19:04