Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր հոկտեմբերի 15-ին։ Ահազանգով Արթիկ քաղաք մեկնած Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ բացել են բնակարանի դուռն ու գողացել մեծ քանակի արծաթ ու ոսկեղեն և մոտ վեց միլիոն դրամ։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում Շիրակի քրեական ոստիկանների ձեռնարկած հետևողական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել են Վանաձորի բնակիչ 54-ամյա, Արարատ քաղաքի բնակիչ 45-ամյա և Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդիկ։
Տեղեկությունն իրացվել է նոյեմբերի 6-ին։ Առավոտյան իր բնակության վայրում ձերբակալվել և Շիրակի մարզային վարչություն է տեղափոխվել Երևանի 49-ամյա բնակիչը։ Նա խոստովանել է մեղքը և ներկայացվել նախաքննական մարմին։
Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Նրա հանցակիցների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ձեռնարկվում են միջոցներ տղամարդկանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։