Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բնութագրել է որպես «խորամանկ և խելացի քաղաքական գործիչ»՝ ընդգծելով, որ վերջինս չի ժխտում ուկրաինացի ժողովրդի և պետության գոյությունը։
Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում, որի հատվածը հրապարակել է ԲելՏԱ գործակալությունը։
«Խորամանկ, խելացի քաղաքական գործիչ։ Ես երբեք Պուտինից չեմ լսել, որ նա ժխտի ուկրաինացի ժողովրդի գոյության մասին։ Նա նույնիսկ ուկրաինական պետության գոյությունը չի ժխտում։ Դա նրա ներքին համոզմունքն է։ Ընդհակառակը՝ նա ասում է, որ մենք միասին ենք եղել և միասին էլ կլինենք։ Ես նույնպես այդ դիրքորոշումն ունեմ»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև հայտնել է, որ խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճնշում չգործադրել իր ռուս գործընկերոջ վրա։
«Ես պարզապես սրտանց նրան հաջողություն մաղթեցի և ասացի. «Դոնալդ, մի՛ շտապիր Պուտինի հետ շփվելիս»։ Թեև նրանք արդեն բանակցություններ էին վարել, ես նրան խորհուրդ տվեցի, թե ինչպես վարվել. «Դոնալդ, ճնշում մի՛ գործադրիր Պուտինի վրա, դա անօգուտ է։ Պուտինը հասկանում է, թե ինչ է նշանակում Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- պատմել է Լուկաշենկոն։
Նա անդրադարձել է նաև 2025 թվականի օգոստոսին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովից առաջ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցին, նշելով, որ դա երկու նախագահների առաջին շփումը չէր։
«Ինչո՞ւ եք կարծում, որ դա առաջի՞ն անգամ էր։ Դա հայտնվեց լրատվամիջոցներում, մենք այդ տեղեկությունը հրապարակեցինք մամուլում։ Բայց դա չի նշանակում, որ մենք ԱՄՆ նախագահի հետ այլ շփումներ չենք ունեցել»,- ասել է Բելառուսի նախագահը։