Խոսում եք ծախսերի անարդյունավետությունից, եկեք մի հատ նայենք ձեր վրա ծախսած գումարը աշխատավարձի տեսքով ինչքանով է արդյունավետ, որքանով եք մասնակցում նիստերին, քննարկումներին, որքանով եք կառուցողական: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Հատուկենտ ձեր մեջից պատգամավորներին հանած, որևէ մեկդ օգտակար գործողությամբ չեք զբաղվում, հակառակը կարող եմ բազմաթիվ փաստեր նշել, ոնց որ միտումնավոր Հայաստանի Հանրապետության պետական շահերին դեմ աշխատեք»,- ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ գոնե խորհրդարանական դիվանագիտության միասնական մոտեցում կարելի է որդեգրել: «Այս վերջերս Եվրանեսթի պատվիրակությամբ որ գնացել էինք, Հայաստանի Հանրապետության առաջարկին չէին սատարում Ադրբեջանի պատվիրակությունը և մեր պատվիրակության ընդդիմադիր պատգամավորները: Մենք հիմա Հայաստանի Հանրապետությունում ունենք խորհրդային  ընդդիմություն, որն ամեն ինչ անում է, որ ՀՀ հեղինակությունը, այդ թվում՝ խորհրդարանի ու պետական ինստիտուտների հեղինակությունը նվազի»,- ասաց  նա և նշեց, որ ընդդիմությունը մանիպուլյացիաներ է անում:

«Եթե դուք ՀՀ ժողովրդի կողմից ընտրված մարդու պաշտոնը կաշկանդվում եք ասել, բայց դրա փոխարեն երրորդ երկրի ինչ-որ մամուլի քարտուղարի պաշտոնը կարող եք դողդողալով արտասանեք, դա ի՞նչ է նշանակում»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե ընդդիմադիրների սեղաններին ԼՂ դրոշներն են դրած, դա չի նշանակում, որ «այդ ցավը ձեր մոտ ավելի շատ է, քան մեզ մոտ»: «Եթե դուք հայրենասիրությունից ավելի շատ եք խոսում, դա չի նշանակում, որ դուք մեր պետության մասին ավելի շատ եք մտածում, քան մենք»,- ասաց նա:

 

 

281