ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է.

 

«Ցավալի է հետևել, թե մեր որոշ լրատվամիջոցները ինչպիսի ջանասիրությամբ են հրապարակում և վերահրապարակում այնպիսի տվյալներ, որոնցով հեշտությամբ հնարավոր է նույնականացնել սեռական բռնության ենթարկված անձին, առավելևս՝ երեխային։

Սիրելի՛ գործընկերներ, լինում են դեպքեր, երբ մասնավոր շահը հանրության տեղեկատվության ստացման հանրային շահի նկատմամբ գերակա է։

Հորդորում եմ ձեռնպահ մնալ նման տվյալներ հրապարակելուց, այդպիսիք արտատպելուց՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով և աչքի առաջ ունենալով նրա ծնողների, հարազատների ապրումները, ինչպես նաև այն հնարավոր հետևանքները, որոնք կարող են առաջանալ շատ մանրամասներ հանրայնացնելու արդյունքում»։

Նշենք, որ ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել 2011 թ․ ծնված մի աղջկա նկատմամբ։ Araratnews,am-ի հետ զրույցում ՆԳՆ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ կատարված ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների ընթացքում հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնեց. «Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են»։

670