Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը գրառում է կատարել. 

Եկեղեցում ճգնաժամի վերաբերյալ զեկույցի շուրջ քննադատական մոտեցումները 3 տեսակի են.

- Պետությունն իրավասություն չունի միջամտել կրոնական կազմակերպության գործունեությանը

- ՀԿՏԿ ՊՈԱԿ-ն իրավասություն չունի նման ուսումնասիրություն կատարել կամ զեկույց պատրաստել

- Զեկույցում ոտնահարվել են մարդու իրավունքները և անձնական տվյալների պաշտպանությունը

Երեքն էլ բացարձակ անհիմն են։

1. Միջամտության մասին

Պետության կողմից կրոնական կազմակերպության գործունեությանը չմիջամտելու մասին ՀՀ օրենսդրության միայն մեկ կարգավորում կա և դա խիստ հստակ է. «պետությունը…. չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին» (Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենք, հոդված 17)։ Խոսքը բացառես «ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔԻՆ» չմիջամտելու մասին է։ Բոլոր այլ դեպքերում, երբ այդ գործունեությունը կամ ներքին կյանքը չի համապատասխանում օրենքին, պետությունը կարող և նույնիսկ պարտավոր է միջամտել (պատկերացրեք հիպոթետիկ(?) վիճակ, երբ ասենք կրոնական առաջնորդը եկեղեցուն արված նվիրատվությունն օգտագործում է իր ենթականերին որպես վաշխառություն գումար տրամադրելու համար։ Արդյո՞ք պետությունը չպետք է միջամտի այդպիսի «ներքին կյանքին»)։

Իսկ նման առերևույթ դեպքերն ըստ արձանագրումների՝ բազմաթիվ են, դրանց գերակշիռ մասն ունի իրավական և կանոնադրական բնույթ, որը հենց պետության տիրույթն է և պահանջում է պետության անմիջական և ուղիղ ներգրավվածությունը։ Դրանք են․

• ՀՀ Ընտրական օրենսգրքի առերևույթ խախտումներ (նախընտրական քարոզչությամբ զբաղվելու արգելքի խախտում),

• ՀՀ Քրեական օրենսգրքի առերևույթ խախտումներ (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելը),

• ՀԱՍԵ ֆինանսական հոսքերի գրեթե ամբողջական ստվերային բնույթը և դրանց առերևույթ հակաօրինական և/կամ հակականոնադրական օգտագործումը,

• ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված ՀԱՍԵ «Նախաշավիղ» կանոնադրության զանազան առերևույթ խախտումները, կանոնադրությանը հակասող գործունեությամբ զբաղվելը, որոնք թույլ են տրվել կաթողիկոսի և նրան հարող բարձրաստիճան հոգևորականների կողմից,

• Ազգային անվտանգությանը առերևույթ սպառնացող դրսևորումներ։

Եթե որևէ մեկն ամբողջությամբ ծանոթացել է զեկույցի արձանագրումներին և կրոնական կազմակերպության գործունեությանը պետության միջամտության վերոնշյալ հիմնավորումներն ու հիմքերը չի գտել, կարող է նորից, առավել ուշադիր կարդալ։ Նրանց, ովքեր չեն ծանոթացել զեկույցին, բայց միջամտության դեմ են արտահայտվում, մաղթում եմ հաճելի ընթերցանություն։

2. ՀԿՏԿ իրավասության մասին

ՀԿՏԿ ՊՈԱԿ-ը դեռևս 2009թ-ին հաստատված իր կանոնադրութմաբ ունի սահմանված հստակ գործառույթ, որը 100%-ով համապատասխանում է ներկայացված զեկույցի բնույթին և կատարված ուսումնասիրության ձևին։ Կանոնադրության 11-րդ կետը սահմանում է. «…իրականացնել ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների և նախագծերի մշակում՝ ԶԼՄ ուսումնասիրությունների հիման վրա»։

Իսկ թե ինչու արդեն 6 տարի Եկեղեցին ՀՀ ներքին քաղաքականության լիարժեք սուբյեկտ և օբյեկտ է, պետք է հարցնել դրա նախաձեռնողներին ու իրականացնողներին։

3. Զեկույցի մեթոդաբանության մասին

Զեկույցը կազմվել է բացառապես բաց և օրինական ճանապարհով հասանելի աղբյուրների ուսումնասիրության հիման վրա, ինչի մասին հստակ ամրագրված է զեկույցում։ Օգտագործված յուրաքանչյուր նյութի համար ներկայացված է պատշաճ հղում։

Զեկույցում ներառված տվյալների հավաքումն ու մշակումը որևէ դրույթով չեն հակասում Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։ Չկա որևէ անուն, որը բացահայտված լինի զեկույցը կազմողների կողմից կամ որևէ իրադարձություն, որը նախապես հրապարակված չլինի բաց աղբյուրներում։ Բոլոր անունները, իրադարձությունները, դրանց նկարագրությունը վերցված են բացառապես բաց աղբյուրներից, անձանց վկայություններն ու հաղորդումները ևս վերցված են բաց աղբյուրներից։

Եթե զեկույցի ոճը, կառուցվածքը, բառապաշարը, մեթոդաբանությունը որևէ մեկին դուր չի գալիս, կարող է պարզապես չկարդալ, բայց «մարդու իրավունքներ ոտնահարելու» կամ «անձնական տվյալներ բացահայտելու» մեջ մեզ մեղադրելն անլուրջ է ու անհիմն։

***

Եվ այս ամենի ֆոնին զավեշտալի է հետևել երկու դրսևորման.

- ինչպես են ոմանք առանց բովանդակությանը և օրենսդրությանը տիրապետելու, ինձ/մեզ սպառնում իրավական հետևանքներով,

- ինչպես են ոմանք բուն խնդիրների առկայությունը և ճգնաժամի դրսևորումները ստորադասում զեկույցի ոճական առանձնահատկություններին։

129