Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի տներից մեկում կրակոց է հնչել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները գյուղի տներից մեկում՝ հյուրասենյակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 73-ամյա Բորիկ Հակոբյանի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Դեպքի մասին ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Տեղում աշխատել են նաև Փորձաքրեագիտական վարչության Արևելյան բաժնի փորձաքրեագետները։

Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ: Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ ժամանել է նաև Գեղարքունիքի մարզի դատախազը: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Բ. Հակոբյանի տղային՝ Գագիկ Հակոբյանին, 2019 թվականի նոյեմբերի 2-ին սպանել էին Գեղարքունիքի մարզում:

704