2026 թվականի Երևանի և բոլոր մարզերի շրջանավարտները դպրոցի ավարտական քննություններում ստացած միավորները կարող են օգտագործել բուհ ընդունվելու համար: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս նախագծով առաջարկում ենք վերանայել բուհերում ընդունելության գործող կարգը, որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր մեխանիզմների մշակման եւ դրանց ներդրման ռազմավարական նպատակներով»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը հիշեցրեց, որ Տավուշի մարզում 2021-2022 ուստարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը. «Այս տարի արդեն ունենք նոր չափորոշիչով իրենց ուսումնառությունն ավարտող առաջին շրջանավարտները: Հետեւաբար, այս պահին ընդունելության կարգում կատարում ենք փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան մեր առաջին շրջանավարտներին արդեն անցնել ընդունելության նոր համակարգով»:
Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ, ինչը հանդիսանում է կրթության ոլորտի կարեւոր բարեփոխումների բաղադրիչ: Ըստ այդմ, ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաեւ բուհի համար ընդունելության քննություններ:
Կարգավորման նպատակը նաև այն է, որ հենց 2023-2024 ուստարվա ավարտից թեստերը, որոնցով կազմակերպվում են քննությունները, նոր ձևաչափով կիրառվեն և համապատասխանեն չափորոշչի բովանդակությունը: Սա նոր թեստային համակարգի փորձնական ներդրումն է՝ ուղղված նոր ծրագրային նյութի վերջնարդյունքների գնահատմանը:
Ավարտական քննությունների արդյունքները հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար, իսկ 2026-ից այս համակարգն արդեն կգործի բոլոր շրջանավարտների համար:
Այս տարի Տավուշի շրջանավարտները, ինչպես բոլոր շրջանավարտները, ունեն երկու հնարավորություն միասնական քննություններ հանձնելու եւ սա իրենց համար կլինի հավելյալ հնարավորություն, որը կկազմակերպվի ընդունելության հիմնական փուլից հետո՝ հուլիսի սկզբին, եւ դրանով նրանք կկարողանան մրցույթին մասնակցության ավելի լավ հնարավորություններ ստանալ»,- ասաց Անդրեասյանը:
Փաշինյանը հետաքրքրվեց, թե դպրոցի ավարտական փուլում քանի քննություն են հանձնում:
Նախարարը նշեց, որ հիմա դպրոցի ավարտական փուլում հանձնում են երեք պարտադիր քննություն՝ հայոց լեզու-գրականություն, մաթեմատիկա եւ հայոց պատմություն. «Կան նաեւ ընտրական բաղադրիչով քննություններ՝ այն առարկաները, որոնցից շրջանավարտները քննություն հանձնելու կարիք կունենան: Ամբողջությամբ նոր թեստեր են մշակված»,- ասաց Անդրեասյանը:
Մանրամասները տեսանյութում