Ապրիլի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները օպերատիվ գործողությունների արդյունքում Արագածոտնի մարզում կանխել են մի խումբ անձանց միջև տեղի ունեցած հաշվեհարդարը (վենդետան):

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Կոտայքի մարզի բնակիչներ 42-ամյա Սամվել Ո.-ն, 26-ամյա Դանիել Ո.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գարեգին Ե.-ն և ոմն Դավիթ Ի.-ն, ում տվյալներն ու բնակության վայրը պարզվում են, նշված վայրում ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ 25-ամյա Նորայր Շ.-ին և 29-ամյա Իգիթ Շ.-ին:

Սկզբնաղբյուրը հայտնել է, որ հենց տեղում ոստիկաններն ու պարեկները ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել կռվի մասնակիցներից Սամվել Ո.-ին, մնացածը, տեսնելով հեռվից մոտեցող Պարեկային ծառայության ավտոմեքենաները, դիմել են փախուստի:

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Աղբյուրի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Սամվել և Դանիել Ս.-երը հարազատ եղբայրներ են, հարազատ եղբայրներ են նաև Նորայր և Իգիթ Շ.-երը:

Տեղում պարզվել է նաև, որ մասնակիցներից մեկը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ապա՝ քարե պարսպին և փլուզել այն: Այս պահին ոստիկանությունը պարզել է նաև, որ մինչև նշված վարում իրենց «ռազբոռկան» շարունակելը, նրանք եղել են Ջրվեժում գործող ռեստորանային համալիրներից մեկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, ապա այնտեղից եկել են Աշտարակի «Գայի պոստի» մոտ ու շարունակել իրենց հակաօրինական գործողությունները։

791