«Նյու ջեներեյշն փրոջեքթ»-ի նախաձեռնությամբ մայիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Էթնո ջազ» խորագրով յուրահատուկ համերգը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին։

Շվեյցարական «Authentic Light Orchestra»-ն (երաժշտական ղեկավար՝ Վալերի Տոլստով) հանդիսատեսին ներկայացավ հայկական էթնո ջազի ամենայուրահատուկ մշակումներով։

Խմբի կազմում ներգրավված են երաժիշտներ, որոնք շրջագայել են ամբողջ աշխարհում և հանդես եկել հեղինակավոր դահլիճներում:

Համերգի հատուկ հյուրերն էին Գոռ Սուջյանը, Հասմիկ Բաղդասարյանը և Միքայել Ոսկանյանը: Համերգին մասնակցում էին նաև Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, որի խմբավարն է Էմմա Առաքելյանը:

«Authentic Light Orchestra»-ն հիմնադրել է հայկական արմատներով շվեյցարացի մուլտի-ինստրումենտալիստ Վալերի Տոլստովը 2009 թվականին՝ նպատակ ունենալով համատեղել տարբեր երաժշտական ժանրեր, ինչպիսիք են ջազը, համաշխարհային, կինոերաժշտությունը, հայկական ժողովրդական և դասական երաժշտության տարրերը: 2016 թվականին խումբը Սերժ Թանկյանի հետ ձայնագրել են հոլիվուդյան «The Promise» ֆիլմի սաունդթրեքը։ Սաունդթրեքը ձայնագրվել է «Authentic Light Orchestra»-ի և «String Orchestra»-ի հետ Մոսկվայում, «Mosfilm»-ի ստուդիայում:

Խմբի մենակատարներն են Վալերի Տոլստովը (Շվեյցարիա /ֆլեյտա, երգեհոն), Եվգենի Լեբեդևը (ՌԴ /դաշնամուր), Անտոն Ռևնուկը (ՌԴ /բաս, կոնտրաբաս), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ), Միքայել Ոսկանյանը (թառ), Գրիգոր Ասրունց-Քարտաշյանը (դուդուկ, բլուլ, զուռնա), Հայկ Գրիգորյանը (շեփոր), Աստղիկ Վարդանյանը (առաջին ջութակ), Գոհար Պապոյանը (երկրորդ ջութակ), Աստղիկ Գաժոյանը (ջութակ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ):

Շարունակելով հոբելյանական համերգների շարքը՝ «Նյու ջեներեյշն փրոջեքթ»-ը հունիսի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգը՝ նվիրված մեծն շանսոնյեի հոբելյանին։

347