
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։
Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը, փարաջանովյան արվեստի երկրպագուներ:
Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացրած ցուցանմուշին և դրա վերականգնման պատմությանը։ Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ կիրառված գործիքներով ու նյութերով։ Երկրորդ սրահում ցուցադրվում են վերականգնված հովանոցը, ինչպես նաև զարդանախշերն ու դետալները վերարտադրող անիմացիան (հեղինակ՝ Աշոտ Մարաբյան, անիմացիա՝ Նարեկ Նազարյան):
Ցուցահանդեսն ունի նաև ինտերակտիվ բաժին, որտեղ այցելուները կարող են ստեղծել «փարաջանովյան» հովանոցի իրենց տարբերակը՝ կոլաժային կամ նկարազարդ։
Փարաջանովը սիրում էր ամեն տեսակի հնություն․ պաճուճազարդ գլխարկներն ու հովանոցները, տիկնիկներն ու կենցաղային այլազան իրերը նա հավաքում, վերափոխում, վերածում էր արվեստի գործերի։ Նրա կյանքի և ստեղծագործության խորհրդանշական «հերոսներից» մեկն էլ հովանոցն էր, որի հետ կապված՝ արվեստագետն այսպիսի գրառում ունի. «Ես ապրում եմ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես քնում եմ հովանոցով և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին»։
2022 թվականին անմխիթար վիճակում գտնվող թաիլանդական նրբագեղ հովանոցը Սերգեյ Փարաջանովի թանգարանից հանձնվել է Ազգային պատկերասրահին։ Մասնագետների կողմից կատարված փուլային բարդ վերականգնումից հետո Փարաջանովի հովանոցը ներկայացվում է այցելուին։ Զուգահեռաբար ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարները։ Ներկայացված են նաև թեմատիկ ցուցանմուշներ, ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Կարմեն» անիմացիոն ֆիլմը, հատված ռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստ Փարաջանովը» վավերագրական ֆիլմից, ինչպես նաև պատմական-գեղարվեստական կարևոր արժեք ունեցող լուսանկարներ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հավաքածուից: Ներկայացված են նաև Սերգեյ Մեչիտովի հեղինակային լուսանկարները։
Ցուցահանդեսի համակարգողը Ամալյա Հովսեփյանն է: