Բուժաշխատողների համար նախատեսվում է սահմանել պարտադիր շարունակական մասնագիտական զարգացման դասընթացների ցանկ։ Գործադիրը մայիսի 8-ի նիստում հավանության է արժանացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ակնկալվում է առանձին կարևորություն պահանջող դասընթացների ցանկ սահմանել բուժաշխատողների համար։ Որպես օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները։ Դրանից բացի կարող են լինել համաճարակային իրավիճակներում վարքականոններին վերաբերող դասընթացները և այլն։

Արմենպրես մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Կարինե Աբրահամյանը նշեց, որ այսօր էլ բուժաշխատողները յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ հավաքելու համար մասնակցում են դասընթացների, սակայն փորձը ցույց է տալիս, որ հիմնականում բուժաշխատողներն ընտրում են իրենց մասնագիտությանն անմիջական առնչվող դասընթացները։

«Փորձը ցույց է տալիս, որ բուժաշխատողները կրեդիտները ձեռք են բերում իրենց մասնագիտությանը համապատասխան դասընթացներին մասնակցելով։ Քանի որ դասընթաց ընտրելը կամավորության սկզբունքով է, հետևաբար բուժաշխատողը ինքն է որոշում ինչ դասընթաց ընտրի ու այդ դեպքում հնարավոր է, որ, օրինակ՝ աղետների բժշկության դասընթացին չմասնակցեն։ Այս նախագծի նպատակն այն է, որ տվյալ իրավիճակի վերլուծությունից ելնելով՝ արտակարգ  դեպքեր, համաճարակ,  կպահանջվեն կոնկրետ դասընթացներ, ու դրանք կներառվեն պարտադիր ցանկում»,-ասաց Կարինե Աբրահամյանը։

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ պարտադիր դասընթացների ցանկը սահմանելու է ՀՀ կառավարությունը։ Դասընթացների ցանկը քարացած չի լինելու, այն ժամանակի ընթացքում փոփոխման ենթակա է։ Նախագծով առաջարկվում է նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ և փոխհատուցման ենթակա դեպքեր, որի հաստատման լիազորությունը վերապահված է կառավարությանը։

«Հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող դասընթացները հասանելի կլինեն բուժաշխատողների համար, պետությունը կվճարի այդ մասնակցության համար։ Հատկապես մեր մարզային բուժաշխատողները հնարավորություն կունենան համաշխարհային բժշկության շարժերին ծանոթանալ՝ մասնակցելով հեղինակավոր միջազգային կառույցների կողմից կազմակերպվող դասընթացներին»,-ասաց Ալեքսանդր Բազարչյանը։

Մասնագետներն ընդգծում են, որ այս նոր մոտեցմամբ բուժաշխատողները կլինեն ավելի պատրաստված, նրանց հնարավորություններն ու  կարողությունները կզարգանան, իսկ բուժառուն միայն դրանից կշահի։

Շարունակական մասնագիտական զարգացման պարտադիր դասընթացների մասնակցությունը հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի նախատեսվում։

 

222