«Իրենք ճնշումն անընդհատ մեծացնում են, բայց փոքրանում է, իրենք ինչ ասում են՝ հակառակն է լինում, ասում էին սահմանազատում չանեք, սահմանազատումն անում են, ասում էին ադրբեջանական դրոշ են բարձրացրել, դրոշ չկար, իրենք ասում էին այս եկեղեցին Ադրբեջանին է մնում, այդ եկեղեցին Ադրբեջանին չմնաց, Բագրատ Գալստանյանն ասում էր մենք իշխանության հրաժարական չենք պահանջում, եկավ հասավ Երևան՝ առաջինը դա եղավ և այդպես շարունակ: Հիմա իրենք մաշվում են, իրենցից բան չի մնացել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից շարունակվող անհնազանդության ակցիաներին՝ ասաց ՔԺԿ փոխնախագահ Հայկ Սուքիասյանը:

Անդրադառնալով շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի այն հայտարարությանը, որ ճնշումը պետք է ուժեղացնել՝ Սուքիասյանն ասաց. «Առաջին օրը տարբեր տեղերից մարդիկ հավաքեցին, դարձավ 30 հազար, հիմա 100, 50 հոգով են մնացել, բայց այդ մարդը դեռևս գոռում է, որ ճնշումը պետք է ուժեղանա, ինքը թող իր կողքը նայի, տեսնի՝ քանի մարդ է մնացել, ոչինչ էլ չի լինելու, մաշվելու են գնան՝ մեզ թողնելով մեր եկեղեցու խարխլված հեղինակությունը:

Իրենք հանրահավաք չեն անելու, որովհետև չեն կարողանում անել, իրենց եղած ուժերով անցել են այլ տեխնոլոգիաների կիրառման, այն է՝ երկու հոգով չորս վայրկյան փողոց փակել, հետո փախչել, դա են անում, մանր խժդժություններ են անում, անհանգստություններ են պատճառում քաղաքացիներին, բայց սա ամեն դեպքում իրենց արդյունք չի տալիս և պրակտիկան ապացուցում է, որ մարդիկ, որոնք խոստանում էին հազար ու մի բաներ, այլևս գոյություն չունեն, իրենք քաղաքականապես մաշվել-գնացել են, մնացել է իրենց ֆիզիկական ուժը՝ մի քանի մարդ, որոնք էլ երկու-երեք օր հետո կհոգնեն ու կգնան: Ոչ մի բան էլ տեղի չի ունենալու, Հայաստանն արդեն սահմանազատում է իր տարածքը, դա նշանակում է՝ ռուս-թուրքական գործարքը ճեղքում է, նրանք հրաման են ստացել վերջնականորեն հավաքվել, կախվել պետության ոտքից ու թույլ չտալ: Ժողովուրդը գտնվեց իմաստուն, իրենք գտնվեցին քաղաքականապես անուժ, հեղինակություն չունեցող և հերթական շարժումը բախվեց իշխանության լեգիտիմության պատին և փշրվում է»:

Մեր այն հարցին, թե սա արդյոք հեղափոխության փորձ է՝ Հայկ Սուքիասյանը նշեց. «Ժողովուրդները հեղափոխություններ անում են հարյուր տարին մի անգամ, ժողովուրդներն այդքան ռեսուրս չունեն անընդհատ հեղափոխություն անելու: Հայաստանում հեղափոխություն եղել է բարձր լեգիտիմության պահանջների շնորհիվ, իրենք վերցրել են հեղափոխության առանձին տեխնոլոգիաներ, որոնք հեղափոխությունը կազմակերպելու տեխնոլոգիական մասն են, հեղափոխության բովանդակությունն իր լեգիտիմությունն է, տեխնոլոգիաները չեն, տեխնոլոգիաներն օգնող բաներ են:

Հիմա իրենք վերցրել են միայն տեխնիկական մասը, մի երկու փողոց են փակում չորս հոգով, որը ո՛չ հեղափոխություն անելու զանգվածային ընդգրկում ունի, ո՛չ ժողովրդական աջակցություն ունի, հակառակը՝ ունի զանգվածի դժկամությունը, այդ այլանդակությունների դեմ զանգվածային բողոքը: Մանր տեխնոլոգիաներ են օգտագործում, ինչը նշանակում է, որ այս մարդիկ նաև գիտելիքի խնդիր ունեն, իրենք իրենց տեխնոլոգիան չունեն, իրենց ինքնությունը մեջը չի երևում, իրենց ինքնությունը հետևյալն է՝ Հայաստանի կյանքն անընդհատ պահել անկայուն, բայց մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում սա էլ է հաղթահարվում»:

Շարժման մասնակիցները տարածում են նաև ատելության խոսք, որն ըստ Սուքիասյանի, արգահատելի է ու վանում է մարդկանց իրենցից. «Սա մի բան է նշանակում, որ այդ հատվածը թշնամացել է Հայաստանին, իրենց արածը դա է: Իրենք իրենց պատել են ձևական հայրենասիրական թեզերով, Հայաստան են փրկում, ձևական փաստարկներ կան, որոնցով իրենք ներկայանում են որպես հայրենասերներ, բայց փաստացի իրենց գործողությունները հակառակն են: Բագրատ Սրբազանը խոսում է հայրենիքից, Հայաստանից և այլն, բայց լրիվ հակառակն է անում, ինքը մեր պետության սահմանները չի ընդունում, ինքն ասում է՝ ինձ այդ սահմանները հետաքրքիր չեն, զինվորը որտեղ կանգնի, այնտեղ է սահմանը, այսինքն՝ այս մարդը չի ընդունում պետությունը, ինքը պետության դեմ գործում է, բայց խոսում է պետության համար, իրենք թշնամանք են սերմանում, բայց խոսում են համերաշխության մասին, այսինքն՝ իրենց խոսքն ու գործն իրար հետ ոչ մի կապ չունեն, դրա համար իրենք ոչ մի հաջողություն չեն ունենա»:

ագրատ Սրբազանը նաև հայտարարեց, որ սա անմահության երթ է, Սուքիասյանը նշեց, որ նա պետք է բացատրի, թե ինչ նկատի ունի. «Իրենք ինչ-որ բաներ են խոսում, որոնց մասին պատկերացում չունեն, ի՞նչ է նշանակում անմահության երթ: Սա եկեղեցական տերմինաբանություն է՝ այս ամենին հուզականություն հաղորդելու համար: Սա հերթական անիմաստ արտահայտությունն էր»:

Անդրադառնալով նաև Բագրատ Սրբազանի ՀՀ նախկին վարչապետերի հետ հանդիպմանը՝ Սուքիասյանն ասաց. «Ինչքան քաղաքական մեռել կա, հետները գնում հանդիպում է, երևի անմահների երթ ասելով՝ նա դա նկատի ունի: Դա ապացուցում է մի բան, որ ինքը Հայաստանի վատթարագույն անցյալի հետ է, ինչո՞ւ ուրիշ մեկի հետ չի հանդիպում, որովհետև այդ մարդու նպատակը պետությունը չի, այդ մարդը պետք է հանդիպի այն մարդկանց հետ, ովքեր պետություն չեն ուզում, դրանց հետ էլ հանդիպում է, ինքը Հայաստանի ռուսական անցյալի ներկայացուցիչների հետ է»:

Խոսելով նաև շարժման վարչապետի թեկնածու չառաջարկելու և իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Իրականում իրենց վարչապետի թեկնածուն Պուտինն է, բայց քանի որ Պուտինն ուղիղ իմաստով չի կարող լինել, նա ունի տեղակալ՝ նախկին նախագահներից որևէ մեկը, ուղղակի ուղիղ ասել չեն կարող: Իրենք իմպիչմենտ չեն կարող անել, ոչ այդ ռեսուրսը, ոչ այդ հեղինակությունը՝ չունեն: Եթե նրանք զանգվածային ընդվզում չկարողացան անել, ինչպես են իմպիչմենտի գնալու, չորս հոգով որոշելու են, որ պետք է ԱԺ-ում իմպիչմենտի հա՞րց բարձրացնել: Նախ իրենց պահանջը լեգիտիմ չի, և երկրորդը՝ դա հնարավոր չի լինի, իշխանությունն իր տեղում է, իրենք 18 մարդ պետք է հավաքեն, ինչպե՞ս են հավաքելու, իրենք իրենց կողքը 18 հոգի չեն կարողանում հավաքել, իշխանություններից ինչպե՞ս են 18 հոգի պոկելու, չեն կարող անել»:

Շարժան մասնակիցները նաև հայտարարել էին, որ սահմանազատումն հակասահմանադրական է և ուժի սպառնալիքի ներքո է տեղի ունենում: Անդրադառնալով այս փաստին՝ Հայկ Սուքիասյանն ասաց. «Իրենք ուժի ներքո իշխանափոխություն են պարտադրում, հիմա իրենց արածը հակասահմանադրական չի՞, թող սրա մասին խոսեն: Պետությունը միջազգային իրավունքի շրջանակներում անում է իր սահմանազատումը, ինչպես է անում դա՝ իրենց գործը չի: Կա Ալմա-Աթայի հռչակագիր, որով ճանաչվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իրենք ասում են Ալմա-Աթան հանեք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մնա օդի մեջ, Ռուսաստանի հրամանն են կատարում: Գնացել են՝ ինչքան դասալիք դիվանագետ կա հավաքել են Հայաստանի ազատության ծրագիր են հա՞ մշակում: Հեքիաթներ թող չպատմեն, իրենք ոչ մի ծրագիր էլ չունեն, իրենց ծրագիրը ՀՀ-ի լուծարումն է»:

Ստեղծված պայմաններում իշխանությունն իրավական պետության բոլոր մեխանիզմենրը պետք է պահի կազմ ու պատրաստ, նշեց Սուքիասյանը՝ հավելելով. «Մենք պետք է տեսնենք պետության կամքը, մեր քաղաքացիները պետության թուլացում չպետք է նկատեն, պետք է տեսնեն դեմոկրատական ինստիտուտների աշխատանք, պետական կարգի խախտման դեպքում պետության բոլոր իրավական ինստիտուտները և ուժային կառույցները պետք է անմիջապես գործի անցնեն: Սա պետք է լինի պետության անելիքը, հասարակությունն էլ իր անելիքն անում է, իմաստուն է, մնում է իր պետության հետ, չի տրվում կեղծ հայրենասիրական կոչերին»:

Մեր այն հարցին, թե ի վերջո, որքան դեռ կշարունակվեն այս գործողությունները՝ Հայկ Սուքիասյանն ասաց. «Այդ շարժումը հիմա էլ չկա, կա այդ շարժման հետողորմյան, լավ կլինի Գալստանյանը շարժման մահվան արարողակարգ անի, ավարտի: Հիմա այդ շարժման հետցնցումներն են, ֆիզիկապես էլ՝ հավանաբար մի քանի օրվա ընթացքում չեն լինի: Իրենք ֆունկցիա են կատարում՝ Հայաստանին թույլ չտալ ազատություն, այսօր կամ վաղը սահմանազատման հանձնաժողովները ծրագիր պետք է ներկայացնեն իրենց ԱԺ-ներին, դա են ուզում փչացնել, Ադրբեջանն ուզում է տեսնել՝ ՀՀ-ում ինչ կլինի, որովհետև Ադրբեջանն Ալմա-Աթա չի ուզում, սահմանազատում էլ չի ուզում, նա մեր ներքին կյանքը մոդելավորել է ու սպասում է, որ եթե ՀՀ-ում հեղափոխություն լինի, ինքը չանի սահմանազատում: Իրենք նաև սրան են նպաստում, օգնում են Ալիևին, որ չստորագրի համաձայնագիրը, նաև մեր ներքին կյանքն են անկայուն պահում»:

517