Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի նիստում քննարկվում է Սևանա լճից 30 մլն մ³-ով ավելի ջրառ իրականացնելու հարցը։
Թեմայի հետ կապված ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է տեղեկանք ներկայացներ նախարարին այն մասին, թե որքանով է ավելացել Հայաստանից մթերքների արտահանումը։

«Նման դեպքեր էլ են լինում․ ամբողջ աշխարհում այդպես է․ երբ չոր եղանակներ են լինում, օգտագործում են ջրամբարներն ու նման լճերը։ Մյուսը՝ երբ մեր ջրամբարների քանակը կմեծանա, կնվազի նաև Սևանից ջուր վերցնելու անհրաժեշտությունը»,– ասաց Սուքիասյանը։

Պատգամավորը հանդես եկավ նաև առաջարկով․ «Մենք ձորեր ունենք, որտեղով գետեր են հոսում, երկու պատ ունենք և ռելիեֆներ, որոնք անկում ունեն։ Ինչու չենք ուզում 2-3 մետրանոցով փակել դրանք։ Թեկուզ Շիրակի դաշտավայրում տեսնում ենք՝ այդ ձորերի կեսը չորացած է, կեսը՝ ոչ։ Ինչու ենք գնում ուրիշ տեղ ջրամբարներ կառուցելու, երբ այստեղ շատ արագ կարող ենք կառուցել․ ջուրն էլ հենց այդտեղ է, որևէ տեղից տեղափոխելու կարիք չկա։ Պետք է պարզապես կասկադներ կառուցել, որ այդ ջրերը այդտեղ մնան, հետո կարող ենք պոմպերով էլ օգտագործել, արևային էլեկտրակայաններ դնել, և ծախսը զրոյական կլինի»,– նշեց Սուքիասյանը։

Նա նաև խնդրեց պարզել, թե Սևանից ջուր բաց թողնելու արդյունքում Արարատյան դաշտավայրում որքան տնտեսություն է աշխատում, որքան արտահանում է իրականացվում, որքան արտարժույթ է գալիս Հայաստան, քանի վերամշակող գործարար է աշխատում և որքան նոր սարքավորում է ներմուծվում։

396