Բագրատ Գալստանյանի շարժումը, որը նույնիսկ եթե համարենք, որ այն ի սկզբանե հետապնդել է անկեղծ և արդար նպատակներ, միևնույն է, հենց առաջին իսկ օրերին սկսեց վարկաբեկվել, երբ նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներն ու այդ ռեժիմի հետ փոխկապակցված քրեաօլիգարխիկ տարբեր դեմքեր դուրս եկան ջրի երես և սկսեցին ողջունել ու միանալ Գալստանյանի շարժմանը։ Շարժմանը՝ կոռումպացված, պետության, բանակի, քաղաքացիների հաշվին հարստացած այնպիսի օդիոզ դեմքեր միացան, որ թվում էր, թե այլևս չենք կարող զարմանալ։ Սակայն, պարզվում է, շարժումը զարմացնելու անսպառ ներուժ ունի։

Բագրատ Գալստանյանի այսպես ասած՝ շարժմանը միացել են նաև դասալիքները, բառի ուղիղ և անուղղակի իմաստով։ Իսկ այդ իմաստով միացողների ներկապնակը բավական գունեղ է։ Միացյալ նահանգներից երգիչ Անդրեն, Ռուսաստանից Արա Աբրահամյանը և նմանատիպ շատ այլ դեմքեր, որոնք Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվելով բավական «անձնուրաց» լծվել են Հայրենիքի փրկության գործին։

Երգիչ Անդրեն, որը ծնունդով Արցախից է, իր քաղաքացիական ակտիվությամբ երբեք աչքի չի ընկել ոչ ռազմական գործողությունների ընթացքում, ոչ նույնիսկ այն ժամանակ, երբ Արցախում մարդիկ սովամահ էին լինում, իսկ հետո նաև տեղահանվում։ Այդ ընթացքում Անդրեն, որն Արցախը օգտագործել է միայն որպես իր երգերի տեսահոլովակների նկարահանման և ֆոտոսեսիաների տաղավար, կյանքը դասավորում էր հեռավոր Միացյալ Նահանգներում, մինչդեռ իր հայրենակիցներն այստեղ կյանքի ու մահվան կռիվ էին տալիս։

Նույնը կարելի է ասել մյուս «դասալիք» փրկչի մասին։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Ռուսաստանն է համարում իր հայրենիքը, Հայաստանը համարում է ընդամենը ծննդավայր, իսկ ՌԴ նախագահին՝ համարյա Աստված, որոշել է միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը և հեռավոր Մոսկվայից գոռում է՝ Հայ, Հայրենիք, Հայաստան և Աստված։ Ինչ խոսք, կարելի է բարձր գնահատել Արա Աբրահամյանի ռազմահայրենասիրական նկրտումները, սակայն մի փոքրիկ «սպռավոչկա» պետք է անել՝ Հայրենիք ու Աստված բղավելով որ երկիրն ու ում նկատի ունի պարոն Աբրահամյանը։ Այդ «սպռավոչկայից» հետո՝ գուցե պարզվի, որ մեր իրական հայրենիքը՝ Հայաստանը, պետք է փրկել նրանցից, ում Աբրահամյանն իր սեփական հայրենիքն ու Աստվածն է համարում։

Medianews.am

585