«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել և թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս», - մի առիթով այսպես է արտահայտվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի երգերը մինչ օրս ջերմացնում են հոգին, ապրեցնում են, թևեր տալիս:

Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 100-ամյակը։ 

Շառլ Ազնավուրի (Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում: 

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ. միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում մենահամերգից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն բեմերում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է հազարից ավելի երգ. «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: 

Ազնավուրը 1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009-ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թվականին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թվականին դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն:

503