ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Զրուցակիցները փաստել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման հարցում:

«Բարձր ենք գնահատում մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից միաձայն ընդունված բանաձևը Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ:

Կարևորում ենք, որ բանաձևում դատապարտվում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից և կոչ արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին»,- նշել է ԱԺ նախագահը` հավելելով, որ այժմ ամբողջ միջազգային հանրության կոչերն ուղղված են պաշտոնական Բաքվին` իրագործելու բոլոր պայմանները Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար իրենց դարավոր հայրենիք:

Կլոդ Վիզլերը նշել է, որ Լյուքսեմբուրգը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում:

«Մենք խրախուսում ենք ինչպես մեր, այնպես էլ ԵՄ անդամ այլ պետությունների ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորմանը: Կարևորում ենք և պահանջում ռազմագերիների անհապաղ վերադարձն իրենց հայրենիք»,- նշել է Լյուքսեմբուրգի խորհրդարանի ղեկավարը:

Քննարկվել են Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացը, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և Հայաստան-Լյուքսեմբուրգ միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա կարևորությանը` տարածաշրջանում անվտանգության հաստատման, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման և զարգացման հարցում:

Հանդիպման ավարտին Լյուքսեմբուրգի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

239