civic.am-ը գրում է․

Մայիսի 26-ին տեղի ունենալիք հանրահավաքը դրա կառավարիչներն ու շահառուները նպատակադրվել են վերածել «Ավարայրի ճակատամարտ-2»-ի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ «Ղևոնդ երեց» նորահաստատ շքանշանի արժանացած Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդությամբ։ Ի դեպ, «Ավարայրի ճակատամարտը» նույնպես տեղի է ունեցել մայիսի 26-ին։ «Ղևոնդ երեց»-ը, հիշեցնենք, Վարդանանց պատերազմի ժամանակ այն հոգևորականն էր, որը ժողովրդին առաջնորդում էր դեպի «մահ իմացեալ», նույնն է թե՝ դեպի «բարոյական հաղթանակ»։ «Սրբազան շարժում» կոչվող միջոցառումը, եթե ուշադիր վերլուծենք դրա ղեկավարի կողմից արտաբերվող «քարոզչական կոդերը», նույն՝ 5-րդ դարում տեղի ունեցածի «աբդեյթ» արված կրկնօրինակն են՝ մեկ տարբերությամբ միայն՝ 5-րդ դարում պետականություն չունեցող հայ ժողովուրդն էր դուրս եկել պարսկական փղերի դեմ, 21-րդ դարի այս «սրբազան շարժման» օրերին էլ խնդիր է դրված «արժանապատվության վերականգնման, արժանապատիվ խաղաղության» հասնելու անվան տակ ամեն ինչ անել երկիրը պետականության կորստի եզրին հասցնելու համար։ Համոզմունք ունենք, որ «Ղևոնդ երեցի» ֆանտոմն այս ողջ ընթացքում ուղեկցում է Բագրատ սրբազանին, «Ավարայրի արծվի» «փառքը» հանգիստ չի տալիս վերջինիս, և իրեն տրված շքանշանին արժանի լինելու համար նա կանի իրենից կախված ամեն բան։ Հատկապես, որ անելիքի մեծ մասն արդեն արել է՝ մշակել է իր քաղաքական-հոգևոր քարոզների ունկնդիրների ուղեղները (դեռ Կիրանցում իրեն միացած երիտասարդներին Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերայից կտորներ երգեցնելը հո հենց այնպե՞ս չէր, թե «մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք…), մնում է նրանց ճիշտ ժամին «նահատակության» գնալու կոչ անելը։ Ի՞նչ նկատի ունենք «նահատակություն» ասելով. այն, որ սահմանադրական եղանակով՝ խաղաղ ցույցերի, ընդվզման միջոցով չհասնելով իրենց առջև դրված խնդրին՝ վարչապետի հրաժարականին, հասկանալով, որ վերջինիս իմպիչմենթի գործընթացը նույնպես ձախողված գործընթաց է, այսինքն՝ իշխանափոխությունը, որպես այդպիսին, այլևս «պռավալ» տրված գործ է, սրբազան շարժման շտաբը որոշել է դիմել «պլան բ»-ին (ականջդ կանչի, Վազգեն Մանուկյան)՝ իշխանազավթման տարբերակին։ Այդ մեթոդը ենթադրում է հակասահմանադրական քայլերի համալիր՝ բռնության, սահմանադրական կարգը տապալելու մասին կոչեր և դրանք իրագործելու գործողություններ՝ գրոհներ պետական, ռազմավարական օբյեկտների վրա, բախումներ ոստիկանության հետ՝ ցուցարարների շարքերում ներդնելով սադրիչ խմբակներ (մի բան, որում նախկին ռեժիմը հմտացել է. հիշենք 2008-ի մարտի 1-ի առավոտյան օպերացիան, 2016-ի ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած՝ «Սարի թաղի» դեպքերը), մի խոսքով, այնպիսի ապակայունացնող իրավիճակ ստեղծելը, ինչը այլ ելք չի թողնի, քան իրավապահների կողմից բիրտ ուժ կիրառելը։ «Չեչենական արտաքինով» (բնորոշումը արտախորհրդարանական ուժերից մեկի ղեկավարինն է), «բիլակով» տղերքը, որոնք ավտոշարասյունով գալիս են ՀՀ, սրբազանի հետ սելֆիներ անելու համար չէ, որ գալիս են։ «Տղերք, դուք ամեն մեկդ ստեղ եղանակ եք փոխելու, քանի որ ստեղ ապրող երիտասարդությունը 90 տոկոսով կարելի ա ասել գոյություն չունի, իրանց օրվա ճաշի-մաշի մասին մտածող հասարակություն ա ստեղ մնացել։ Էսօր հայի, հայ մնալու հարցը սփյուռքի ձեռն ա, էսքան բան կարամ ասեմ»,- նախօրեին, դիմելով արտերկրում ապրող հայերին, կոչ էր արել սրբազան շարժման աջակից «դրսի հայերից» մեկը։

Ակնհայտ է, չէ՞, որ տեղի երիտասարդության և հասարակության անպիտանության մասին կոչին արձագանքող մասսան պարապ չի նստելու և հայրենիքը փրկելու աստվածահաճո նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնելու։ Մեկ այլ «դրսի հայ» էլ, ներկայանալով որպես «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանի «խաչակիրներից», հայտարարում է, որ Կալինինգրադից են եկել (փաստորեն, մենակ չէ, այլ մի քանի հոգով են)՝ «վերականգնելու մեր պատիվը, հայի անունը»։ Ի դեպ, քրեական տարբեր գործերով անցնող, ՌԴ-ում պատսպարված Արթուր Ասատրյանը ևս իր ֆեյսբուքյան էջում նախօրեին տեսաուղերձով կոչ է արել միանալ մայիսի 26-ի շարժմանը՝ հոլովակը վերնագրելով՝ «նահանջի տեղ չի մնացել»։ Կրկնելով Բագրատ արքեպիսկոպոսի խոսույթը՝ բարու, չարի մասին՝ Ասատրյանը «չկողմնորոշվածներին» կոչ է արել. «Մայիսի 26-ին հայ ժողովուրդը պետք է ցույց տա, որ պատրաստ է պայքարել իր արժանապատվության համար։ Բագրատ սրբազանի շարժումը քաղաքական չէ, այլ՝ գոյաբանական։ Չսատարել նրան, նշանակում է գործել մեր շահերին հակառակ։ Լռելու ժամանակն անցել է, պետք է տալ հուժկու պատասխան Հայաստանի կառավարության աթոռներին գամված հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներին»։ Թե ինչ է նշանակում «հուժկու պատասխան» ասվածը, որը պիտի մայիսի 26-ի հավաքի մասնակիցները տան «կառավարության աթոռներին նստածներին», ինչ տեսք է ունենալու այդ պատասխանը, պետք է իրավապահները վերծանեն և դիմեն համապատասխան միջոցառումների։

Ակնհայտ է մեկ այլ բան ևս. իշխանազավթման օպերացիայի ձախողումը ստեղծելու է ապակայունացում, քաոս, անվերահսկելի իրավիճակ, ինչն էլ շարժման շահառուների նպատակների շարքում է։ Այն է՝ հասնել (նախորդիվ գրել ենք) 2022 թ. «ղազախական ձմեռվա» կրկնությանը. մի իրավիճակ, երբ պետական իշխանությունն այլևս անկարող կլինի բողոքական զանգվածների ապօրինի գործողություններին դիմադրել սեփական կարողություններով և ստիպված կլինի դիմել արտաքին օգնության։ Դե իսկ նման օգնություն ցուցաբերելու իրավասություն ունի ՀԱՊԿ-ը՝ հավաքական խաղաղապահ ուժերի տեսքով։ Մինչդեռ դիմումն այս անգամ կլինի ոչ թե ՀՀ սահմանները պաշտպանելու, այլ ՀՀ-ում ծագած ներքին խռովություններին վերջ տալու հիմքով։ Իսկ թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, ում «մնալով» կամ «գնալով»՝ կախված կլինի իրավիճակի բարդության աստիճանից։ Հարկ է նշել, որ 2022-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարել էր, որ «Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները», և նշել՝ հասկանալի է, որ ղազախական պետականության սպառնալիքը պայմանավորված է ոչ թե տարերային ակցիաներով՝ կապված վառելիքի թանկացման հետ, այլ նրանով, որ իրավիճակից օգտվել են «ապակառուցողական արտաքին և ներքին ուժերը»:

Ի դեպ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը հենց այնպես չէ, որ կանչվել է «կենտրոն»։

780