Սառեցված սրբազան Վազգեն Գալստանյանը՝ «սիրո ու համերախության» քարոզիչը, քիչ առաջ «Սուրբ Աննա» եկեղեցու բակում հավաքված իր աջակիցներին կոչ արել համացանցում տարածել բոլոր այն ոստիկանների լուսանկարները, ովքեր, իր խոսքով, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում խոչընդոտել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ նրան ուղեկցող շքախմբի տեղաշարժը։

Ընդդիմադիր շարժման առաջնորդը, ըստ էության, իրենց մասնագիտական պարտքը կատարող ոստիկաններին թիրախավորելու եւ նրանց նկատմամբ թշնամանք սերմանող կոչ է արել՝ միաժամանակ հավելելով՝ «ոչ ոք ձեռքերը ծալած չպետք է նստի», պարապ նստողը «ուրացող է»։

Ի դեպ, սառեցված ու միաժամանակ «սուտլիկ» սրբազանը, որի պայքարի թիրախը բացի իշխանությունն ու իրավապահ մարմինները նաեւ սուտն ու կեղծիքն են, հերթական սուտն է արտաբերել՝ կեղծելով իրականությունը։ Նա մասնավորապես անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին՝ նշել է, թե «դա իշխանությունների, որոնք գոյություն չունեն, կազմակերպած սադրանքն է»։ «Փաստորեն, որոշել են իրենց կարճ խելքով վրեժ լուծել եւ այսօր էլ բացահայտեցին, որ դրա մասին է խոսքը։ Ուրեմն, այս բոլորով հանդերձ, վերացրել են ծաղկեպսակներ, ամե՜ն ինչ, բայց քաղաքացիները «սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակը դրել են իրենց ծաղկեպսակի վրա։ Թաղել են՝ բառիս բուն իմաստով։ Դա էին ուզում, դա է տեղի ունենում»,-հայտարարել է Գալստանյանը։

Տպավորություն է, որ «սառեցման» պրոցեդուրայի հետեւանքով Վազգեն Գալստանյանի մոտ ի հայտ են եկել կողմանկի երեւույթներ՝ նրան հետապնդում են հալյուցինացիաները, այսինքն՝ տեսնում է բաներ, որոնք գոյություն չունեն, եւ դրանց վրա էլ կառուցում է կեղծ վերլուծությունները։ Մենք երեկ անդրադարձել ենք Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցող քստմնելի ակցիային, թե ինչպես են իրենց՝ Գալստանյանի ասած աջակիցները «սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակը բերում եւ դրանով փակում Կառավարության ղեկավարի, այսինքն՝ պետության անունից դրված ծաղկեպսակը։ Այդ տեսագրությունն, ի դեպ, զետեղված է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում, որտեղ պարզ երեւում է, որ Գարեգին Բ Կաթողիկոսի անունից դրված ծաղկեպսակն իր տեղում է, ՀՀ նախագահի անունից դրված ծաղկեպսակի կողքին, ոչ ոք այն չի «վերացրել», չի «ծածկել» եւ կամ «թաղել»։

Վազգեն Գալստանյանին հորդորում ենք ելույթներ ունենալիս լավ նախապատրաստվել, գոնե նրա PR-ի ամար ստեղծված ֆեյսբուքյան էջի տեսագրություններն աչքի անցկացնել՝ իր հետեւորդներին ապատեղեկատվություն, սուտ ու կեղծիք չմատուցելու եւ խայտառակ չլինելու համար։

Ի դեպ, այս կեղծ լուրը երեկ տարածել էր եկեղեցու մեկ այլ, փաստորեն, «սուտլիկ սպասավոր»՝ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, եւ նրան հղումով էլ, առանց որեւէ փաստ հրապարակելու, լուրը տարածել էին մի շարք ԶԼՄ-ներ։ Ի դեպ, Զարգարյանն իր ֆեյսբուքյան էջում ստոպ-կադր է հրապարակել, որում ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հարգանքի տուրք մատուցելու պահն է ֆիքսվել՝ կադրում՝ հեռու տարածությունից, երեւում են պաշտոնատար անձինք եւ երկու ծաղկեպսակ։

Ենթադրում ենք, այդ ժամանակ դեռեւս դրված չի եղել Կաթողիկոսի անունից ծաղկեպսակը։ Զարգարյանն իր գրառումը՝ առանց փաստի, կատարել է մայիսի 28-ին, 16։02-ին, իսկ շարժման վերոհիշհալ ֆեյսբուքյան էջում մայիսի 28-ին, ժամը 16։41-ին հրապարակված տեսագրության մեջ պարզ-հստակ երեւում է Գարեգին Բ-ի անունով դրված ծաղկեպսակը։

civic.am

659