Մեր նպատակն է Սփյուռքի հետ համագործակցության այս իրավիճակում, մեր իրականության մեջ ունենալ հնարավորինս ամենաբարձր մակարդակը, ապահովել այնքան ինտեգրում Սփյուռքի հետ, որը հնարավոր է: Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Մենք այսօր աշխատում ենք բազմազան Սփյուռքի հետ, որը մեկը մյուսից լրիվ տարբերվում է, բայց ընդհանուր մի բան ունեն, որ իրենք Հայաստանում չեն և իրենք նաև հաճախ գտնվում են մի քանի կողմից եկող բացասական ներազդեցության տակ: Մենք արդեն չորս տարի է՝ չնայած համավարակին, չնայած պատերազմին, չնայած Սփյուռքում լայնածավալ քարոզչությանը, որը համակարգված ձևով վարվում է պետության և պետական կառույցների դեմ, կարողանում ենք մեր բոլոր ծրագրերի միջոցով ապահովել լիակատար մասնակցություն»,- ասաց նա:
Զարեհ Սինանյանը նաև հայտնեց, որ դրսից ներդրումները շատ ավելի շատ են, քան երբևէ եղել են Հայաստանի պատմության մեջ, և դա ինչ-որ տեղ արտահայտում է իրենց աշխատանքի արդյունավետությունը: