Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Թալինի մանկապարտեզը շուրջ 11 տարի չի գործում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի պատճառով։

«Թալինի մանկապարտեզը չի գործում շուրջ 11 տարի` շնորհիվ և հօգուտ այսօրվա «Սրբազան» կոչեցյալի

2003 թ.-ի ապրիլի 30-ին Թալինի քաղաքային ավագանու 2003 թ.-ի ապրիլի 7-ի որոշման հիման վրա նվիրաբերության պայմանագրով «

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն է հանձնվել Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի 8-րդ հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզը: Ըստ նվիրատվության պայմանագրի սահմանված կետերի`նվիրառուն պարտավոր է պահպանել մանկապարտեզում գործող խմբերը` կազմակերպելով մսուր-մանկապարտեզ առնվազն 50 երեխաների համար:

2012 թ.-ի մարտի 28-ին Թալին քաղաքային համայնքի ղեկավարի որոշմամբ և նվիրատվության պայմանագրով որի կողմերը, նվիրատու` Թալինի համայնքապետարան, և ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ` նվիրառու` Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ի դեմս Արագածոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Բագրատ Վարդապետ Գալստանյան, վերոնշյալ մանկապարտեզը անհատույց, որպես սեփականություն, նվիրատվությամբ հանձնվել է Հայ Առաքելական եկեղեցուն:

2013 թ.-ից առ այսօր մանկապարտեզը չի գործում, չի ծառայում իր նպատակին և տարեցտարի վատթարանում է շինության վիճակը:
Նշեմ, որ այս պահին Թալին քաղաքում գործում է թվով մեկ մանկապարտեզ, որը չի կարողանում սպասարկել բոլոր երեխաներին: Ստացվում է, որ այս պարագայում տուժում են և´ երեխաները, և´ նրանց ծնողները, և´ համայնքը: Այս առումով հարկ է նշել, որ երեխաները զրկվում են նախադպրոցական կրթության իրենց իրավունքից:

Հայրենիքը փրկող «Սրբազան» Բագրատ, դուք 11 տարվա ընթացքում չեք կատարել ձեր պարտավորությունները, ոչ միայն չեք կատարել, այլ նաև հնարավորություն չեք տվել, որպեսզի շինությունը վերադառնա համայնքին և ծառայի իր նպատակին:

Սա՞ է ձեր «փրկության» օրակարգը, այսպե՞ս եք պատկերացնում մեր հայրենիքը, թե՞ ձեր առաջնային նպատակներից է դեռ մանկուց փչացնել հասարակության բարօրությունը, զրկելով անգամ երեխաներին այն իրավունքից, որը նրանց կյանքի, զարգացման և կայանալու գործընթացում հիմնասյուներից է:

Փրկելու մասի՞ն եք խոսում, առաջինը փրկեք Թալինի մանկահասակ երեխաներին` նրանց վերադարձնելով իրենց մանկապարտեզը, որտեղ հաճախելով նրանք առաջնայինը կսովորեն ինչպիսին չպետք է լինել, և որն է իրական հայրենասիրությունը»,- գրել է Սափեյանը:

1137