

Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը», որը նպատակ ունի աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների կայուն զարգացման համար։
«Ունենք բավականին մեծ դիմելիություն, այս պահի դրությամբ միասնական սոցիալական ծառության կողմից հաստատվել են ավելի քան 1330 շահառուների հայտեր, որնցից 1080-ը՝ 2024 թվականին»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ պետք է ուսումնասիրել, թե որքանով է երաշխավորվում ծրագրի ավարտը. «Մարդը, երբ սկսեց տան շինարարությունը, որքանո՞վ ենք մենք մեխանիզմներ ստեղծել, որ նա մինչև վերջ ավարտի, քանի որ մեկ-երկու ահազանգեր ունենալու պարագայում մենք սկսեցինք մտավախություն ունենալ, որ արդյունքում կարող ենք ունենալ ոչ թե տներ, այլ կիսակառույցներ: Հիմա պետք է հասկական, որ այս ռիսկը բավարար չափով կառավարում ենք»:
Նաև նախագծի առաջարկվող լրացումներով Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում տրվում է 5 մլն հավելում, ինչը լրացուցիչ կխրախուսի նշված բնակավայրերում կառուցապատում իրականացնելը։
«Խոսքը իրականում 16 մլն ծրագրի մասին է. դե յուրե ձևակերպվում է հիփոթեքային վարկ, բայց դա փակում է կառավարությունը: Պետք է սահմանենք, որ 5 մլն դրամը կարող են օգտագործել բնակարանի վերանորոգման, ինչպես նաև միջավայրի հարցեր լուծելու համար»,- ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում