Արցախի և Ադրբեջանի միջև վեցշաբաթյա զինված թեժ բախումներին վերջ տալու մասին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև հայտարարությունից հետո, նոյեմբերի 9-ից 13-ը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) հանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում՝ Արցախի և Հայաստանի ժողովուրդների առանցքային և շատ ցավալի իրավիճակի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարության մեջ նշված է. «Կոչ ենք արել դադարեցնել այս հակամարտության պատճառով տեղի ունեցած արյունահեղությունն ու ավերումը:

Միանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքին ՝ իմաստության, միասնության և հանգստության համար: Ցավում ենք մարդկային այն բոլոր սարսափելի կորուստների համար, որ տեղի են ունեցել ոչ միայն սեպտեմբերի 27-ից վերսկսված մարտերի հետևանքով, այլև տարածաշրջանում ինքնորոշման պայքարի ողջ պատմության ընթացքում` յուրաքանչյուր թանկագին կյանքի կորստի հետ ավելի խորը արմատավորելով թշնամանքը։

Մենք միասնական կանգնած ենք հայ համայնքների կողքին, որոնց սպառնում է իրենց ժողովրդի նկատմամբ ցեղասպանության վերսկսման վտանգը, մասնավորապես ` հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից արված աղմկահարույց հայտարարությունները ՝ «ավարտին հասցնել այդ առաքելությունը, որը դարեր շարունակ կատարել են մեր պապերը Կովկասի տարածաշրջանում», և հաշվի առնելով Թուրքիայի դերը ներկայիս հակամարտությունում՝ ԵՀԽ-ն դատապարտում է ցանկացած այդպիսի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, և բոլոր նրանց գործողությունները, ովքեր սադրել են հակամարտությունը և սրել բռնությունը ` միջազգային արգելված զենք մատակարարելով, Սիրիայից և այլուր վարձկաններ և ջիհադիստներ ուղարկելով և փորձելով այն վերածել կրոնական բախման: ԵՀԽ-ն դատապարտում է քիմիական զենքի և կասետային զինամթերքի օգտագործումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների և հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը, ինչպես նաև բոլոր մյուս ռազմական հանցագործությունները, գլխատումները, խոշտանգումները և այլ վայրագությունները, որոնց ականատես ենք եղել վերջին շաբաթներին:

Մեր կոչն է՝ հարգել Լեռնային Ղարաբաղի / Արցախի սրբազան վայրերը և մշակութային ժառանգությունը (չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի կրկնակի հրթիռակոծումը և այլ նոր վայրագությունների վերաբերյալ ստացված բազմաթիվ հաղորդագրությունները այլ իրականության մասին են վկայում): Հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ սրբավայրերը պաշտպանելու համար:

Մեր հրատապ կոչն է միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միանալու սուրբ վայրերի պաշտպանությանն ուղղված ջանքերին, բոլոր փախստականների և տեղահանված անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձին, հայ ժողովրդին ցեղասպանության սպառնալիքից պաշտպանությանը, արդարության և մարդու իրավունքների վրա հիմնված տևական խաղաղության հաստատմանը Լեռնային Ղարաբաղի / Արցախի և տարածաշրջանի բնակիչների համար, և զերծ մնալ թշնամանք, հակամարտություն և անարդարություն սադրելուց կամ խրախուսելուց:
Մենք բարձրաձայնում ենք և հետամուտ ենք տարածաշրջանում եկեղեցիների գործելուն և աղոթում ենք, որ եկեղեցու առաջնորդները զինվեն ուժով և իմաստությամբ` իրենց ժողովրդին այս ճգնաժամից դուրս բերելու համար»:

721