Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը Ադրբեջանի կողմից հանելու փաստը:
Զախարովան հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում, հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկվում է պաշտոնական Երեւանի եւ Բաքվի հետ Ռուսաստանի շփումների ժամանակ: Նրա խոսքով, թեման քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի առաջին կեսին Հայաստան եւ Ադրբեջան կատարած աշխատանքային այցի ընթացքում:
«Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման օգտին, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Համանախագահների կողմից այս տարվա ապրիլի 13-ին ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունն այն հարցերից մեկն է, որը պահանջում է լրացուցիչ ջանքեր Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից»,- ասել է նա: