
Ամերիկացի զինվորները երկուշաբթի գիշերը լքել են Նիամի բազան, զինվորների վերջին խումբը մնացել է երկրի հյուսիսում գտնվող Ագադեսի բազայում մինչև սեպտեմբերի 15-ը։ Այս մասին հայտարարել են երկու երկրների իշխանությունները համատեղ կոմյունիկեում։
«Նիգերի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը հայտարարում են, որ ամերիկյան ուժերի և տեխնիկայի դուրսբերումը Նիամի 101-րդ ավիաբազայից ավարտված է»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է տեքստում, Նիգերի և ամերիկյան զինված ուժերի արդյունավետ համագործակցության և հաղորդակցության շնորհիվ գործողությունն ավարտվել է ժամանակից շուտ և առանց որևէ բարդության։
Ամերիկացի զինվորականները տեղակայվել էին Նիգերում՝ ահաբեկիչների դեմ պայքարելու համար, իսկ Ագադեսում ԱՄՆ-ն անօդաչու թռչող սարքերի մեծ բազա ուներ: Սակայն մարտին Նիգերի իշխանությունները դատապարտեցին ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության համաձայնագիրը։