Թուրքին ՀՀ-ից որևէ տարածք չի տրվել։ Այս մասին Ազգային ժողովում արտահերթ նիստի ընթացքում պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե կադաստրային ինչ սխալի հետևանքով է Տավուշից տարածք հանձնվել ադրբեջանցիներին, ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Անդրադառնալով կադաստրային քարտեզների սխալին, Թովմասյանը նկատեց․
«Քարտեզների մեջ պարունակվող սխալները որևէ մեկի համար գաղտնիք չեն, ՀՀ-ում չկա այնպիսի օբյեկտ, որը չի բախվել նման խնդրի, դա է պատճառը, որ 2021 թվականին ՀՀ կառավարությունը կամք դրսևորեց ու ընդունեց որոշում, որով որոշակի ընթացակարգեր սահմանվեցին կադաստրային քարտեզների մեջ սխալների ճշգրտման ու ուղղումներ կատարելու վերաբերյալ։
Թե որքան է եղել սխալի մակերեսը՝ կդժվարանամ ասել, որովհետև սահմանագծի ամրակայման ժամանակահատվածում է դա բացահայտվել․ «Ամրակցվել է ՀՀ պետական սահմանը, որի ընթացքում պարզ է դարձել, որ իրավունքի պետական գրանցումը կատարվել է թերի իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա, դրանք համայնքի ղեկավարի որոշումներն են ու կադաստրային քարտեզները»։
Թե համայնքի ղեկավարի որոշումը ի՞նչ թերություններ է իր մեջ պարունակել, ըստ Թովմասյանի, դրան գնահատական կտա իրավապահ համակարգը։