Հայկական կողմից կարող եմ ասել, որ մենք բավարար կամք ունենք, որպեսզի խաղաղություն հաստատենք. և ժողովուրդն է դրան պատրաստ, և իշխանություններն են դրան պատրաստ:  Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ սահմանազատման պրոցսի ամբողջ իմաստն այն է, որ Հայաստանին պատկանող տարածքները վերադարձվեն Հայաստանին, Ադրբեջանին պատկանող տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Նա նշեց, որ ավելին չի ցանկանում ասել  այս պահին:

«Պրոցեսը հարյուր տոկոս իրականացվելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու Հայաստանին, ադրբեջանական բոլոր տարածքները վերադարձվելու են Ադրբեջանին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, նա ասաց, որ Հայաստանի կողմից կա ամբողջական քաղաքական կամք, որպեսզի բաց սահմանները լինեն իրողություն: «Մեր խոսակցության ընթացքում պայմանավորվածությունը այնպիսին է, որ չպետք է լինեն նախապայմաններ, և ես հույս ունեմ, որ դա ապահովվում է: Ես կարծում եմ, որ սահմանների բացումը բխում է երկու երկրների շահերից և երկու ժողովուրդների շահերից և հույս ունեմ, որ դա շուտափույթ կերպով տեղի կունենա»,- ասաց նա և նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը ունի քաղաքական կշիռ, և ինքը չի  կարծում, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք է:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ նա ասաց, որ Հայաստանի կողմից բազմիցս հայտարարել են, որ կան  հարցեր  որոնց պատասխանները ակնկալում ենք, և կան խնդիրներ հարաբերություններում, դրանք հարցեր են, որ բաց քննարկվում են, դրանք կապված են թե ՀԱՊԿ-ի գործունեության, թե միջազգային պայմանագրերի կատարման, թե Հայաստանի անվտանգային միջավայրի հետ:

677