Տարիներ առաջ ես փնտրում էի աշխարհի ամենալավ դաշույնը, որ նվիրեմ աշխարհի ամենալավ տղային՝ ծննդյան օրվա առթիվ: Նա պատմվածք էր գրել իր հին կոշիկների մասին, նկարել էր ինձ՝ թավջութակի տեսքով ու ասել էր, որ սիրում էր զարդանախշ դաշույններ: Նրան դաշույն նվիրելու ներշնչանքով ես ապրեցի մի ամբողջ չքնաղ ամառ: Երևի՝ իմ կյանքի ամենագեղեցիկ ամառը:

 

Ասում եմ՝ երևի, որովհետև մարդուն միշտ թվում է, որ ամենագեղեցիկը դեռ առջևում է, իսկ ես անուղղելի լավատես եմ: Եվ այսպես, ես ու իմ բոլոր մտերիմները որոնում էինք աշխարհի ամենագեղեցիկ դաշույնը: Տղայի ծննդյան օրը ձմռանն էր, բայց ես հունիսից տրվել էի դաշույն որոնելու վայելքին: Փնտրտուքները ինձ նույնիսկ հասցրին Սևան: Ինչու եմ ասում՝ նույնիսկ, որովհետև իմ ինքնազգացողությունը կտրուկ վատանում է ցանկացած փոխադրամիջոցով կես ժամից ավելի երթևեկելիս: Ես ծնված օրվանից լսել եմ «վենստիբոլիար ապարատ» արտահայտությունը: Լսել եմ բոլոր այն բժիշկներից, որոնք հերթով զննեցին ինձ, երբ չգիտեմ` որ քաղքենու օգնությամբ գլուխս էի մտցերել, թե պիտի ռուսական դպրոց գնամ: Եթե ես սևեռվում եմ, էլ պրծում չկա, իսկ մեր գյուղը ռուսական դպրոց չուներ, շրջանի միակ ռուսական դպրոցը Արտաշատ քաղաքում էին կառուցել՝ տեղի զորամասի ռուս զինծառայողների երեխաների համար: Այսինքն՝ ամեն օր մեր գյուղից պիտի ավտոբուսով գնայի Արտաշատ՝ ռուս զինծառայողների երեխաների հետ սովորելու, և բժիշկները փորձում էին հասկանալ՝ կարո՞ղ են բուժել սրտխառնոցս, որ պարտադիր հայտնվում էր երթևեկելիս: Ի դեպ, շատ հնարավոր է, որ «վենստիբոլիար» բառը հեռավոր նմանություն էլ չունենա այդ բառի իրական հնչողության հետ. ես հիմա արտաբերեցի այնպես, ինչպես մնացել էր հիշողությանս մեջ մանկության տարիներից:

 

Մի խոսքով, «վենստիբոլիար» ապարատիս խնդիրները անտեսելով՝ ես գնացի Սևան:

Իհարկե, Չարենցավանի մատույցներում այնքան վատացա, որ ստիպված էի իջնել մեքենայից՝ ուշքի գալու համար: Տաքսու վարորդը սարսափելի վախեցել էր ու անընդհատ հարցեր էր տալիս՝ սևեռուն ուսումնասիրելով դեմքս:

 

- Շատ ես գունատվել:

 

-Սրտխառնոցից է, մաքուր օդ կշնչեմ, կանցնի:

 

-Բա ինչո՞ւ ես ձեռքդ դրել սրտիդ, ցավո՞ւմ է:

 

-Ստամոքսս եմ սեղմում, որ սրտխառնոցս անցնի:

 

-Բա ինչո՞ւ ես հևում:

 

- Որովհետև սիրտս խառնում է:

 

Դաշույն վաճառողի տունը գյուղի կենտրոնում էր: Փոքրիկ, երկսենյականոց տնակ էր, որտեղ ապրում էր նրա տասը հոգանոց ընտանիք:

 

- Գոնե աղջիկներիդ ամուսնացրու, շարժվելու տեղ բացվի,- ասաց վարորդը դաշույն վաճառողին: Ու ես մտածեցի, որ ինչպիսին էլ լինի դաշույնը՝ գնելու եմ: Մանավանդ՝ երբ տեսա վառվռուն, չեչոտ թշերով երեք տարեկան Արեգին, որն անսպասելի վազքով ընկավ գիրկս՝ կպչուն, փափլիկ մատները քսելով դեմքիս: Դաշույնը խղճուկ տեսք ուներ: Ի՞նչ դաշույն, պարզապես մեծ դանակ էր՝ կոթին բզով ինչ-որ անհասկանալի գծեր խազած: Մենք առնվազն մեկ ժամ մնացինք դաշույն վաճառողի տանը, որովհետև Արեգին գրկիցս իջեցնելու բոլոր փորձերը ավարտվում էին զիլ ծղրտոցով:

 

- Լացելուց շունչ պահում է, կարող է՝ լեզուն կուլ գնա,- ասում էր մայրը մեզ անջատելու յուրաքանչյուր փորձի ժամանակ, ու մենք կիսատ դադարեցնում էինք գործողությունը:

 

- Երգի, թող քնի,- ելքը գտավ դաշույն վաճառողը: Ես սկսեցի երկչոտ ու մեղմ դնդնալ.

 

- Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտեզ մերին, Տաղերով քուն բե՛ր տղիս աչերին. Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ. Իմ որդին չուզե տիրացու դառնալ։

 

Դե, հասկանում եք՝ մի տեսակ հարմար չէ երգել անծանոթ մարդկանց ներկայությամբ, երբ առանձնապես սեր չունես երգելու հետ, ու պահն էլ պատեհ չէ: Բայց ես ուզում էի Երևան վերադառնալ ու երգեցի մորս ամբողջ օրորոցային ռեպերտուարը: Մինչ ես երգում էի, տաքսու վարորդը հացրեց համտեսել տանտիրուհու եփած թանապուրը, կաթ խմեց ու ռեհանով ոչխարի պանիր կերավ: Երբ Արեգը վերջապես քնեց, վարորդը անցել էր քաղցրեղենին ու մուրաբա էր քսում նորաթուխ բոքոնի վրա: Այդ ընթացքում մայրն զգուշորեն ազատեց պարանոցս Արեգի շիրայոտ թաթիկներից ու տարավ փոքրիկին: Հետո ես վճարեցի դանակի համար (չնչին գումար էր), ու մենք վերադարձանք երևան:

 

Մինչև օգոստոսի վերջ ես 18 անարդյունք հանդիպում ունեցա դաշույնի մոտիվներով՝ փողոցում, սրճարանում, թատրոնի ետնաբեմում : ...Իսկ աշխարհի ամենալավ դաշույնը, պարզվեց, Աշտարակում է: Ավելի կոնկրետ՝ Մուղնիում: Ես Մուղնի գնացի իմ ծանոթի հետ, որը նույնպես ներգրավված էր ամենալավ դաշույնի փնտրտուքներում և ասում էր, որ ինքը դաշույնների գիտակ է:

 

- Գայ ջան, պիտի հետդ գործից հասկացող մարդ լինի, որ չխաբեն: Նայի, կարող է դաշույնը դրսից շատ սիրուն լինի, բայց նրբություններ կան, որ, կներես, դու կարող է չհասկանաս....դաշույնի ֆորման, կոթի չափսը, ծայրի մոմենտը, սրությունը...ինքը պիտի հարմար նստի ափիդ մեջ...

 

-Կարո՞ղ է գիտես՝ էդ դաշույնով հայրենիք ենք ազատագրելու:

 

- Դե, ամեն դեպքում...

 

...Մենք սկզբից մոմ ենք վառեցինք Սուրբ Գևորգ եկեղեցում, հետո տաք թոնրի գաթա առանք եկեղեցու դիմացի փռից, նոր միայն ճանապարհվեցինք հերթական դաշույն վաճառողի տուն: Տանտերը մեզ դիմավորեց դաշույնը ձեռքին: Ավելի ճիշտ՝ ոչ թե դաշույնը, այլ դեղին ծաղիկներով ատլասե փայլուն կտորը, որի մեջ դաշույնն էր: Նա միջին տարիքի, բարձրահասակ, մեծ փորով, ահռելի տղամարդ էր ու ծիծաղելի տեսք ուներ՝ ատլասե նուրբ կտորը ձեռքին: Տղամարդը հանդիսավոր բացեց դեղին կտորը, հանեց դաշույնն ու նույնքան հանդիսավոր մեկնեց ինձ: Դաշույնը հիասքանչ էր: Ողորկ կորերով, զարդանախշ փորագրություններով, գոգավոր, կապույտի, սպիտակի ու բաց կանաչի գեղեցիկ համադրությամբ: Կորերը սահուն էին, արծաթափայլ, ինքը՝ ձիգ , պատյանի վրա՝ բազմագույն քարեր:

 

...Տունդարձի ճանապարհին դաշույնի մասնագետը երգեց Թաթայի բոլոր երգերը, բայց ես այնքան երջանիկ էի՝ դեղին, փայլուն ծաղկավոր ատլասի մեջ փաթաթված դաշույնը ծնկներիս, որ «ֆայտոն» երգի ժամանակ նույնիսկ ձայնակցում էի նրան: Մեքենան սլանում էր հսկա ծառերի, ամռան գույնզգույն այգիների միջով, ու մենք երկուսով երգում էինք խանդավառ.

- Թե ֆայտոնս չնստես, մոտս չգաս, չխոսես....

 

...Ես չկարողացա դաշույնը տալ տղային, որովհետև ես ու նա բաժանվեցինք աշնանը, իսկ նրա ծնունդը, ինչպես ասել էի, ձմռանն էր: Ու դաշույնը որոշ ժամանկ անց հայտնվեց մեր հին իրերի չուլանում: Մինչև երեկ այնտեղ էր: Մոտ մեկ շաբաթ առաջ ատամնաբուժարանում, որը եռահարկ առանձնատան առաջին հարկում է, ինձ դիմավորեց ատամնաբույժիս կողակիցը՝ բարետես, ժպտադեմ մի կին: Նա ասաց, որ ատամնաբույժս մի քիչ կուշանա, ու հազար տարվա ծանոթի պես անբռնազբոս ու անմիջական՝ հրավիրեց ինձ երկրորդ հարկ՝ իր հետ սրճելու: Երբ մտանք սրահ, առաջին բանը, որ գրավեց ուշադրությունս, դաշույնների հավաքածուն էր: Ճիշտ 50 հատ տարբեր ձևի, չափսի, գույնի դաշույններ՝ ապակեպատ դարակներում կողք կողքի շարված:

 

- Ամուսինս դաշույնների հանդեպ թուլություն ունի,-ասաց տիկինը,- մտերիմները գիտեն դա ու նրան միշտ դաշույն են նվիրում: Ես եկա տուն ու քանդեցի հին իրերի չուլանի ամենավերջին դարակը: Երբ դեղին ծաղիկներով ատլասե կտորը երևաց, ինքս էլ չհասկացա՝ ինչու սիրտս սկսեց արագ բաբախել: Կտորը չէր փայլում, դեղինը խունացել էր, վրան ժանգանման բծեր էին հայտնվել: Երբ հանեցի դաշույնը, սրտիս զարկերն ավելի ուժեղացան:

Դաշույնը առաջվա պես գեղեցիկ էր: Ես սկսեցի մանրամասն ուսումնասիրել բոլոր կորերը, ասես ուզում էի համոզվել, որ ամեն ինչ իր տեղում է այսքան տարի անց: Երեկ առավոտյան ես դաշույնը նվիրեցի իմ ատամնաբույժին: Իսկ գիշերը քնելուց առաջ մտածում էի, որ ոչինչ չգիտեմ ատամնաբույժի 50 դաշույններից և ոչ մեկի մասին: Երբեք չեմ իմանա: Եվ չի գրվի առնվազն 50 պատմվածք; Փոխարենը՝ ես գիտեմ 51-րդ դաշույնի պատմությունը:

 

 Գայանե Պողոսյան

1808