Իմ գնահատմամբ՝ այս հանդիպումը շոշափելի քայլ չէր, որովհետև այն ինֆորմացիան, որ ստացանք, վկայում է այն մասին,  որ որոշումները տեխնիկական բնույթի են եղել, սկզբունքային որևէ որոշում չի ընդունվել, որը իսկապես կլիներ կարևոր քայլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ-թուրքագետ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս պատմական գիտությունների դոկտորպրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչիի հինգերորդ հանդիպմանը:

«Բայց սա իհարկե քայլ է այն առումով, որ վկայում է այն մասին, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը լրիվ փակուղու մեջ չի գտնվում, մեռած չէ, շարունակվում է: Թուրքական դիվանագիտության հիմնական առանձնահատկությունը, որ Թուրքիան ըստ էության ոչ թե շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մեջ, այլ շահագրգռված է այլ խնդիրներ լուծելու մեջ: Այս խնդիրները հրապարակորեն հայտարարել է Թուրքիան, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր  չստորագրվի, Թուրքիան քայլեր չի ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասաց նա:

Թուրքագետը նշեց, որ Թուրքիայի համար որոշակի կարևոր է, որ ցույց տա, որ Թուրքիան կողմնակից է հարաբերությունների կարգավորմանը, որ դա դիտարկում է տարածաշրջանում խաղաղության և կայունության տեսակետից: «Սա Թուրքիայի իմիջը պահելու փորձ է, որպես խաղաղասեր պետություն: Մյուս կողմից՝ Թուրքիան այս գործընթացը օգտագործում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Ինչպես կարող ենք  ակնհայտ տեսնել, Թուրքիայի վարած 30 տարվա դիրքորոշումը՝ Հայաստանի հետ կապված կարգավորման բնագավառում եղել է հետևյալը. Թուրքիան եկել է եզրակացության, որ Հայաստանը  ավելի շատ է շահագրգռված Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, գործող սահման, քան թե Թուրքիան: Դա Հայաստանին ավելի է պետք՝ ելնելով, օրինակ, Հայաստանի աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից: Դրա համար թուրքական վերնախավը 30 տարվա ընթացքում, անկախ քաղաքական ուղղվածությունից,  հետևյալ մոտեցումն է  որդեգրել, որ պետք է Հայաստանից պոկել ինչ-որ զիջումներ, օգտագործելով այն բանը, որ Հայաստանը  ավելի է շահագրգռված Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու հարցում»,- ասաց նա և նշեց, որ թեև փոխվել են այն պահանջները, որ  Թուրքիան դրել է Հայաստանի առաջ, բայց սկզբունքային մոտեցումը չի փոխվել։

«Ես կարծում եմ, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ Թուրքիայի դիրքորոշումում չի լինի, նաև հաշվի առնելով, որ Թուրքիայի համար Հայաստանի հարաբերությունների նշանակությունը ընկել է  և ավելի առաջնային խնդիրներ ունի: Կարող են լինել հանդիպումներ, ոչ կարևոր քայլեր, բայց սկզբունքային առումով Թուրքիան իր դիրքորոշումը չի փոխի, իսկ դա նշանակում է, որ սկզբունքային առումով առաջընթաց չի արձանագրվի հայ-թուրքական հարաբերություններում»,- ասաց նա:

463