Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։

Araratnews-ը տարածաշրջանային վերջին զարգացումների և Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի շուրջ զրուցել է իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ

 

Պարոն Խալաթյան, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, թե ՀՀ Սահմանադրությունն է խաղաղության պայմանագրի միակ ու հիմնական խոչընդոտն այս պահին․ կարո՞ղ ենք ենթադրել, որ այսպիսով Բաքուն վերջնական փակուղու է տանում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։

 

Ադրբեջանն ըստ էության իրականում շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ և փնտրում է այնպիսի պահանջներ, որոնց առաջադրումը օբյեկտիվորեն Հայաստանի կողմից պետք է արժանանա մերժման և խաղաղության պայմանագրի չստորագրման պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա։ ՀՀ ներքին գործերին ակնհայտ միջամտելու միտում ունեցող այդ պահանջով Ադրբեջանը գիտակցաբար փակուղի է տանում բանակցությունները և դա էլ այն դեպքում, երբ 1969 թվականի միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան հստակ սահմանում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ միջազգային  պայմանագրերով իրենց ստանձնած պարտավորությունների չկատարման համար և ավելին՝ այդ պայմանագրի նշածս դրույթը ամբողջովին վերարտադրված է խաղաղության պայմանագրի նախագծում։

 

Այդ դեպքում ինչու՞ Հայաստանից արձագանք չկա, քանի որ Ադրբեջանի սահմանադրությունում էլ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ կան։

 

Այո, Ադրբեջանի սահմանադրությունում խնդիր կա. իր անկախության հռչակագրում պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտում Ադրբեջանն իրեն հռչակում է առաջին հանրապետության իրավահաջորդ, իսկ դա փաստացի նշանակում է, որ Ադրբեջանը հավակնություններ է ձևակերպում Սյունիքի նկատմամբ, որովհետև Սյունիքի հարցը լուծվել է Խորհրդային  Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն խորհրդային ժամանակաշրջանում, իսկ Ադրբեջանի առաջին հանրապետությունը և Հայաստանը միմյանց հետ խաղաղության պայմանագիր չեն կնքել, իսկ ինչպես հիշում ենք՝ Նախիջևանը, Սյունիքը և Ղարաբաղը այսպես ասած՝ վիճելի տարածքներ են դարձել առաջին հանրապետության տարիներին, իսկ խորհրդային ժամանակաշրջանում խորհրդային հանրապետությունների  և Թուրքիայի միջև կնքվել է Կարսի պայմանագիրը, որով  լուծվել է  Նախիջևանի հարցը, Արցախի հարցը վիճելի տարբերակով լուծվել է ԽՍՀՄ կովկասյան  բյուրոյի կողմից՝ տրվելով Ադրբեջանին, իսկ Սյունիքի մասով եղել է արդեն Խորհրդային Ադրբեջանի կառավարության  պաշտոնական հայտարարությունը, որ Ադրբեջանը ճանաչում է Սյունիքը Հայաստանի կազմում, այսինքն՝ եթե Ադրբեջանը իրեն դուրս է դնում այդ դաշտից  և իր սահմանադրական կարգավորումներով հռչակում է իրեն  Ադրբեջանի առաջին հանրապետության  իրավահաջորդ՝ մենք կարող ենք որպես հակափաստարկ բերել, որ իր սահմանադրական կարգավորումները ուղիղ տարածքային պահանջներ են առաջադրում Հայաստանի Հանրապետությանը։ Եթե այս անվերջանալի վեճերի մեջ է Ադրբեջանը ուզում մեզ ներքաշել՝ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ  Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի և ավելին՝ Ադրբեջանը չի էլ հասկանում, թե ինչպիսի պանդորայի արկղ է ցանկանում բացել, որովհետև  ստացվում է, որ իրեն առաջին հանրապետության իրավահաջորդ հռչակած Ադրբեջանը կասկածի տակ է դնում նաև Մոսկվայի և Կարսի պայմանագրերը ու ստացվում է, որ Ադրբեջանը նաև Նախիջևանի կարգավիճակն է վիճարկում որպես իր պրոտեկտորատ և դա փաստորեն նշանակում է, որ Բաքուն նաև իր համար շատ անցանկալի հետևանքների կարող է բախվել, եթե պնդի այս վերանայումների պահանջը։

 

Խոսենք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից․ այս օրերին  աշխարհը սպասում է Իրանի՝ Իսրայելին հարվածելուն, բայց կարծես պատասխանն ուշանում է․ հնարավո՞ր է Թեհրանը լայնամասշտտաբ հարձակում է նախապատրաստում։

 

Անգամ այս ճգնաժամային իրավիճակում, ես կարծում եմ , որ ստվերային բանակցությունները շարունակվում են. և՛ Իրանը, և՛ Իսրայելը գույքագրում են իրենց դաշնակիցներին, որովհետև եթե Իրանը գնա իր հայտարարությունների բովանդակությանը համահունչ քայլերի՝ դա կհանգեցնի ռեգիոնալ պատերազմի ու այստեղ Իրանը պետք է հստակ իմանա, թե ում վրա կարող է հույս դնել կամ առնվազն ումից չեզոքություն սպասի, բայց առ այսօր իրավիճակը կարծես թե զարգանում է ոչ հօգուտ Իրանի, որովհետև Մերձավոր Արևելքի արաբական  մի շարք երկրներ կամ Իսրայելի կողմից են հանդես գալիս, կամ ոչ իրանանպաստ չեզոքություն են դրևորում, և այստեղ Իրանին իր հավատարմությունը կարծես թե ուղիղ հայտնել է միայն Սիրիան և Լիբանանի «Հըզբոլա» խմբավորումը, իսկ դա գուցե Իրանի համար բավարար ռեսուրս չէ իր հռչակած պատասխանը տալու։ Իսկ լայնամասշտաբ գրոհի գնալու համար Իրանին պետք է նաև որոշակի դիվանագիտական պլացդարմ, և պատահական չէ Շոյգուի այցը Թեհրան ու ըստ  տեղեկությունների՝ Իրանի խնդրել է Ռուսաստանից գնել ՀՕՊ միջոցներ և ռադարներ․ ես կարծում եմ, որ այստեղ կա առավելապես Իրանի սեփական ռեսուրսները գնահատելու խնդիր ու ինչու ոչ՝ Իրանը փորձում է այս շանտաժի միջոցով  զիջումներ ստանալ ԱՄՆ-ից՝ պատժամիջոցների թուլացում, միջուկային գործարքի հետ կապված հարցեր կամ Իրանի՝ մեկուսացումից դուրս գալու պահանջներ։

 

Շոյգուն Ադրբեջան է այցելել Թեհրանից հետո․ ըստ Ձեզ, այցը երկկողմ օրակարգի սպասարկմա՞նն էր ուղղված, թե՞ կրկին Իրան-Իսրայել իրավիճակի քննարկմանը։

 

Ռուսաստանը այսօր ակնհայտորեն շահագրգռված է Իսրայելի և Իրանի միջև պատերազմի բռնկմամբ, դա թույլ կտա մի կողմից ԱՄՆ-ի համար նոր ճակատ բացել՝ և Վաշինգտոնը ռեսուրսները միայն Ուկրաինայի ուղղությամբ չի կենտրոնացնի ու  դա թույլ կտա թուլացնել դեմոկրատների դիրքերը և  բարձրացնել Թրամփի ընտրվելու հավանականությունը, բայց նաև հասկանալով,  որ Իրանի հետ կնքվելիք համապարփակ գործընկերության համաձայնագրին ընդառաջ պարտվելու մեծ հավանականություն ունեցող պատերազմում ընկղմվելը կարող է նաև Ռուսաստանին արժենալ Իրանի նման գործընկերոջ թուլացումը, և կարծում եմ՝ Շոյգուն Բաքու այցելել էր պահանջելու Ադրբեջանից  չտրվել Իսրայելի պահանջներին և չծառայել որպես գործիք Իրանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու համար, այն պարագայում, եթե պատերազմ սկսվի։ Այսինքն՝ ՌԴ-ն փորձում է բոլոր սցենարները հաշվի առնել, բայց իդեալում Ռուսաստանը կուզեր, որ իրանա-իսրայելական պատերազմ բռնկվեր, բայց այնպիսի երաշխիքներով, որ  Իրանը անհամաչափ հարվածներ չստանա, որպեսզի անհամաչափ չուժեղանա թուրքական գործոնը։

Գեղամ Ադյան

 

 

681