Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված վարչական դատավարության էլեկտրոնային ծրագրի մշակման 2-րդ փուլի ավարտական աշխատանքների ներկայացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ այս փուլում կարևորվում է բոլոր շահագրգիռ մարմինների ակտիվ մասնակցությունը ներկայացվող էլեկտրոնային համակարգի թեստավորման և լավարկման գործում:

Նշվել է, որ Արդարադատության նախարարության ողջ թիմը պատրաստակամ է կառուցողական քննարկումների արդյունքում վերհանված խնդիրների արձանագրման և համակարգում դրանց մասով առաջարկված լուծումների ներդրման մասով:

Նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանը շնորհակալություն հայտնելով վարչական մասնագիտացման դատավորներին՝ ծրագրի տեխնիկական առաջադրանքի մշակման փուլից սկսած շարունակական աջակցության համար՝ հայտնել է, որ ծրագիրը մշակվում է «Հարմոնիա» հիմնադրամի կողմից և նախատեսվում է գործարկել մինչև 2025 թ. 1-ին եռամսյակ:

Հանդիպման ընթացքում «Հարմոնիա» հիմնադրամի թիմը նախարարությանը և հանդիպման մասնակիցներին է ներկայացրել ծրագրի նախնական տարբերակը՝ ինչպես քաղաքացու, այնպես էլ դատավորի օգտահաշիվների մանրամասն ներկայացմամբ:

Նախատեսվում է, որ համակարգից օգտվելու են դատավորները, դատական համակարգի այլ ներկայացուցիչները, պետական բոլոր մարմինները, փաստաբանները, ինչպես նաև քաղաքացիները: Համակարգի գործարկմամբ կկրճատվեն փաստաթղթաշրջանառությունը և վարչական գործերի քննության ժամկետները՝ ապահովելով քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի պատշաճ ապահովման առավել ճկուն մեխանիզմներ: Քննարկման ընթացքում նախարարությունը նշել է, որ հաջորդ փուլով նախատեսվում է համակարգի պիլոտային գործարկում և վարչական մասնագիտացմամբ դատավորների, դատական համակարգի աշխատակիցների վերապատրաստումներ:

Հանդիպմանը ներկա են եղել Վարչական դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ, Դատական դեպարտամենտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի և «Էկենգ» ՓԲԸ ներկայացուցիչներ:

199