ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Ըստ այդմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսներին առերեւույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 35 քրեական գործ: Այս ցուցանիշը 14-ով կամ 40%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 17-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ բժշկական սպասարկում իրականացնող կազմակերպություններում, 1-ը՝ պետական ոչ առեւտրային կազմակերպությունում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսեւորումների առթիվ, իսկ 2-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերեւույթ հանցագործությունների կատարմանը:

2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 19 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 5 ղեկավարի, դպրոցների 6 տնօրենների, 1 ուսուցչի, 1 համայնքապետարանի աշխատակցի, 3 դպրոցի աշխատակցի, 3 քաղաքացու՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանադակելու համար:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 5 անձի վերաբերյալ 3 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 2 քրեական գործ, 3 անձի վերաբերյալ, որոնցից 1 քրեական գործով 2 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

2020թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը եւ համայնքներին պատճառված վնասը կազմել է 74.343.213 ՀՀ դրամ, որից 15.483.025 ՀՀ դրամը վերականգնվել է: Ընդ որում՝ 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քննված քրեական գործերով վերականգնվել է 30.535.174 ՀՀ դրամ: Մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:

Կոռուպցիոն հանցագործությունների պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաեւ հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետին, համայնքների ղեկավարներին, ՀՀ ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենին ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 6 միջնորդագրեր, որոնց արդյունքում պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

Համընդգրկուն աշխատանքներ են տարվել նաեւ բացառապես դատախազական գործառույթ հանդիսացող՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Այս շրջանակներում կատարվել կամ կատարվում են 8 ուսումնասիրություններ՝ որոնք վերաբերում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին եւ այլ ոլորտների:

Կատարվող ուսումնասիրություններով անհրաժեշտ սուբյեկտներին դատախազության կողմից տրվել են 21 նախազգուշացումներ, ինչի արդյունքում եւս ընթանում է պետությանը պատճառված վնասների վերականգնում:

2020թ. առաջին կիսամյակում Արագածոտնի մարզի դատախազությունից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 քրեական գործ՝ 5 անձի վերաբերյալ, մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում դատարան քրեական գործեր չեն ուղարկվել:

575