Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավստրալիայի համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմն այժմ Հայաստանում է: Սիդնեյում, օգոստոսի 16-ին, Ավստրալիայի հայկական ֆիլմերի կինոփառատոնի այս տարվա բացման օրը, լեփ-լեցուն դահլիճում մեծ հաջողությամբ կայացավ հայաստանյան «Ման Փիքչըրս Փրոդաքշեն» ընկերության կողմից արտադրված «Գթության ոսկե շղթա» խաղարկային վավերագրական, լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Մեկ ամիս է ինչ, ֆիլմը ներկայացված է հարյուրից ավելի միջազգային կինոփառատոների մրցույթներին և ներկա դրությամբ այն արդեն հասցրել է արժանանալ քառասուն մրցանակի: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, Երևանի կինոյի տան մեծ դահլիճում: «Գթության ոսկե շղթան» պատմություն է փրկվածների մասին, նաև պատմությունն է այն մարդկանց, որոնք արձագանքեցին ցեղասպանվողների հուսահատ ճիչին և օղակ առ օղակ ձգեցին գթության ոսկե շղթան ողջ երկրագնդի վրայով:
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ԱՆԶԱԿ ստորաբաժանման զինվորների անձնազոհության և այդ հեռավոր երկրների բնակիչների գթասրտության շնորհիվ ցեղասպանությունից փրկվեցին և վերապրեցին շուրջ 60 000 հայեր, ասորիներ և հույներ: Մարդկային կյանքերի փրկությունն էր նրանց առաքելությունը: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան հայտնի դերասան Վերնոն Ուելսը: Պատմաշարը ներկայացնում են ճանաչված պատմաբաններ, ցեղասպանագետներ և անկախ հետազոտողներ՝ Ավստրալիայից և Նոր Զելանդիայից: Հայաստանյան կողմից, ֆիլմի խորհրդատուն է ՀՀ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Ֆիլմի պրոդյուսեր և մտահղացման հեղինակ՝ Մանվել Սարիբեկյան, սցենարի հեղինակներ՝ Ջեյմս Ռոբինս, Վալերի Գասպարյան, ռեժիսոր՝ Արման Չիլինգարյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, կոմպոզիտոր՝ Արտաշես Քարթալյան, մոնտաժի ռեժիսոր՝ Տիգրան Բաղինյան։ Ցուցադրության մուտքը՝ հրավիրատոմսերով: Ֆիլմի մասին հավելյալ տեղեկության համար՝ Թրեյլեր. https://vimeo.com/manage/videos/912162631 https://m.imdb.com/title/tt33089002/?ref_=hm_rvi_tt_i_13