Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն պրոբլեմներից մեկը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն է, և ես 1-2 ամիս առաջ հանձնարարական եմ տվել, որ պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք և այդ ծրագիրը որդեգրենք կամ ներդնենք, որովհետև, ըստ էության, ՀՀ-ում չկա մի այնպիսի բնակավայր, որը ջրի՝ ոռոգման և խմելու ջրի հետ կապված, խնդիր չունենա: Այսինքն՝ չկա այդպիսի բնակավայր, որ գնանք, ասենք՝ ջրի խմդիրը լուծված է: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 5-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա պիտի լինի մեր ռազմավարական նպատակը, որ մենք տասնյակ հեկտարներով նոր այգիներ և գյուղատնտեսական արդյունք տվող տարածքներ կարողանանք ներդնել մեր գյուղատնտեսության ոլորտում: Եվ սա մի խնդիր է, որն ընթացքի մեջ է, փոխվարչապետ Խաչատրյանն այդ թեմայով արդեն զբաղվում է, և այս ուղղությունը մենք պետք է շատ էականորեն զարգացնենք, և գուցե նաև որոշ կառուցվածքային բնույթի փոփոխություններ անենք»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը ընդգծեց՝ առաջիկա անելիքների առանցքում պետք է լինի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրը, որը կլիմայի գյոբալ փոփոխությունների արդյունքում սրվում է:

«…Չնայած այս տարի կլիմայի փոփոխությունը մեր օգտին աշխատեց: Միայն մի վիճակագրություն՝ այն, որ Սևանա լիճը 21 սմ ավելին է… երեկ Հերհերի ջրամբարի կողքով էինք անցնում, և Հերհերի ջրամբարը լեփ-լեցուն էր, այսինքն՝ իր մաքսիմալ ծավալով լցված է, ինչը շատ լավ է, բայց մենք չգիտենք՝ հաջորդ տարի ինչ կլինի: Նախորդ տարի մենք ունեցել ենք երաշտի շրջան, շատ հնարավոր է՝ ցիկլ է ձևավորվում՝ մի քանի տարի չոր, մի տարի՝ ջրառատ, և սա էլ պետք է հաշվարկենք մասնագետների օգնությամբ, որպեսզի ճիշտ կարողանանք կողմնորոշվել այս հարցերում»,- ասաց նա:

184