
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել օրենսդրական բացը և հնարավորություն տալ գերեվարված զինծառայողներին՝ պահպանելու իրենց պաշտոնային դրույքաչափը:
Նախագծի հեղինակ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ նպատակը գերության մեջ հայտնված զինծառայողի պաշտոնային դրույքաչափերը պահպանելն է, այսինքն՝ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողի ընտանիքը չի զրկվի եկամտից:
«Գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է և դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ»:
Պատգամավորները հետաքրքրվել են գերության մեջ գտնվող զինծառայողների թվով ու կազմով, սակայն ինչպես նախագծի հեղինակը, այնպես էլ ՊՆ տեղակալը չեն ներկայացրել դրանք:
Մինչև օրենքի ամբողջական ընդունումը, այն այսօր քննարկվել է նախ առաջին ընթերցմամբ, ապա ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրված արտահերթ նիստին ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել։