Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխատանքի և բարեկեցության նախարարության նախաձեռնությամբ ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ տեղի է ունեցել երկօրյա աշխատանքային քննարկում՝ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հետ։
Քննարկումը տեղի է ունեցել Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի և ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ. հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ, ԱԲ նախարարի տեղակալներ Լուսինե Քոչարյանը, Ռոզա Բաբայանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Ագնեսա Աղաբաբյանը, ՄՍԾ պետի տեղակալները։
Քննարկման օրակարգում եղել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ ժողովրդագրության, բնակարանային ապահովման ծրագրերին, զբաղվածության, աշխատանքային օրենսդրության և կենսաթոշակային ապահովման ուղղություններով իրականացվող ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։
Ոլորտային առաջնահերթությունների թվում առանձնակի կարևորվել է նաև Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող, մարդկանց թրաֆիքինգի և ընտանեկան բռնության ենթարկված անձանց ուղղված հասցեական և արդյունավետ ծրագրերի իրականացումը։
Աշխատանքային քննարկման նպատակն էր համակողմանիորեն անդրադառնալ ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ սոցիալական պաշտպանության համակարգի, դրա օրենսդրական կարգավորումների արդյունավետությունը բարձրացնելու և մատուցվող ծառայությունները լավարկելու նպատակով։
Քննարկումը կազմակերպվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ` ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի շրջանակում: