Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հասարակական դիտորդների խմբի անդամների ընտրության մրցույթի

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է մրցույթ՝ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խմբի կազմում ընդգրկվելու նպատակով։

Մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի (այսուհետ՝ Նախարար) 2026 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն հրամանով (այսուհետ՝ Հրաման) հաստատված կարգի համաձայն։

1.    Հասարակական դիտորդների խմբի հիմնական նպատակներն են՝

 

Ø  շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում մարդու իրավունքների պաշտպանության ապահովվածության նկատմամբ հասարակական մշտադիտարկման իրականացումը,

Ø  մարդու իրավունքների հնարավոր խախտումների հայտնաբերումը և բացահայտումը, խախտված իրավունքների վերականգնմանն ու նման խախտումների կանխարգելմանն աջակցելը,

Ø  խնամքի տրամադրմանը, ինչպես նաև երեխայի, տարեցի և հաշմանդամություն ունեցող անձի իրավունքներին ու ազատություններին վերաբերող իրավական ակտերի ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ նոր իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը,

Ø  մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակային վերլուծությունների, եզրակացությունների և առաջարկությունների կազմումն ու ներկայացումը։

Հասարակական դիտորդների խմբի անդամներն իրենց լիազորություններն իրականացնում են հասարակական հիմունքներով։

2. Հասարակական դիտորդների խմբի անդամին ներկայացվող պահանջները

Ø  21 տարին լրացած

Ø  հայերենին տիրապետող,

Ø  Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ,

Ø  այն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, որն ունի առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի հիմնահարցերին վերաբերող գործունեության ոլորտում։

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է համարվում կազմակերպության անդամը, աշխատողը, կազմակերպությանը ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա ծառայություն մատուցողը, ինչպես նաև կազմակերպության կողմից լիազորված անձը։

Խմբի անդամ կարող է լինել ցանկացած մասնագիտություն ունեցող անձ։ Ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է՝

Ø  իրավաբանի, մանկավարժի, բժշկի, սոցիալական աշխատողի, հոգեբանի կամ սոցիոլոգի մասնագիտություն ունեցող անձանց,

Ø  առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց,

Ø  այն անձանց, որոնց մասնագիտական գործունեությունը սերտորեն առնչվում է հասարակական դիտորդների խմբի նպատակներին, մասնավորապես՝ երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի հիմնահարցերին։

3. Հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները

Մրցույթին ներկայացվող թեկնածուին առաջադրող հասարակական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի հիմնահարցերին վերաբերող գործունեության ոլորտում,

Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն խմբի կազմում կարող է ունենալ առավելագույնը երկու ներկայացուցիչ։ Ներկայացուցիչները պետք է լինեն երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների մասնագետներ։

4. Հասարակական դիտորդ դառնալուն խոչընդոտող հանգամանքները

Հասարակական դիտորդ չի կարող լինել այն անձը, որը՝

  1. ունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն, բացառությամբ հրամանով նախատեսված հատուկ դեպքի,
  2. դատապարտվել է մարդու, բնակչության առողջության կամ հասարակական կարգի կամ բարոյականության դեմ ուղղված որևէ հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից,
  3. ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
  4. զրկվել է ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել է ծնողական իրավունքներում,
  5. նախկինում հանդիսացել է որդեգրող, և որդեգրումը դատական կարգով վերացվել է իր մեղքով,
  6. իր մեղքով լուծվել է իր հետ կնքված խնամատարության պայմանագիրը,
  7. օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառման է վերցվել՝ որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ,
  8. հանրային ծառայող է,
  9. աշխատում է շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունում կամ ծառայություն է մատուցում այդ կազմակերպությանը,
  10. ունի հրամանի հավելվածի 65-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկը։

5. Ներկայացվող փաստաթղթերի ցանկը

Մրցույթին մասնակցելու համար դիմողը նախարարություն է ներկայացնում՝

  1. Գրավոր դիմում՝ հասարակական դիտորդների խմբի կազմում որպես անդամ ընդգրկվելու վերաբերյալ՝ լրացված հրամանի հավելվածով նախատեսված հայտի ձևին համապատասխան։
  2. Անձը հաստատող փաստաթղթի պատճեն՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
  3. Կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն՝ բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ավարտական վկայականի՝ դիպլոմի պատճենը։
  4. Ինքնակենսագրություն՝ ներառելով կրթության, մասնագիտական գործունեության և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկությունները։
  5. Հասարակական կազմակերպության երաշխավորագիր՝ բնօրինակը։
  6. Հասարակական կազմակերպության կանոնադրության պատճենը։
  7. Հասարակական կազմակերպության գործունեության համառոտ նկարագիրը։
  8. Այլ վերաբերելի փաստաթղթեր՝ բնօրինակով կամ պատճենով, անհրաժեշտության դեպքում՝ դիմողի մասնագիտացումը, աշխատանքային փորձը, հասարակական դիտորդների խմբի նպատակներին առնչությունը կամ այլ էական մասնագիտական տեղեկություններ հիմնավորելու համար։
  9. Երկու լուսանկար՝ 3 × 4 սմ չափսի։

Դիմողը պատասխանատվություն է կրում ներկայացված տեղեկությունների հավաստիության համար։

6. Հայտերի ներկայացման կարգը և ժամկետները

Հայտերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամիս տևողությամբ։

  • Հայտերի ընդունման սկիզբը՝ 12.10.2026
  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 12.11.2026
  • Փաստաթղթերի ընդունման վայրը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարություն  (ՀՀ, ք. Երևան, Կառավարական 3 տուն, 1-րդ հարկ, Քաղաքացիների ընդունելության բաժին)
  • Էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected]  
  • Հեռախոսահամարը՝  010 52-14-31
  • Հայտերի ընդունման օրերը և ժամերը՝ աշխատանքային օրերին 09:00-18:00

Փաստաթղթերը կարող են ներկայացվել՝

  1. Առձեռն՝ նախարարության նշված հասցեով՝ աշխատանքային օրերին և սահմանված ժամերին։
  2. Փոստային առաքմամբ՝ նախարարության նշված հասցեով։
  3. Էլեկտրոնային եղանակով՝ հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները։

Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք փոստային առաքման են հանձնվել մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը։

Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ դիմողը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով։

7. Մրցույթի անցկացման կարգը

Մրցույթն անցկացվում է հետևյալ փուլերով.

Առաջին փուլ՝ փաստաթղթերի ուսումնասիրություն։

Մրցութային հանձնաժողովն ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և դրանց համապատասխանությունը հայտարարությամբ սահմանված պահանջներին։

Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում դիմողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում, և նրան տրամադրվում է երեք աշխատանքային օր՝ թերությունները շտկելու համար։ Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում դիմումին ընթացք չի տրվում։

Փաստաթղթերի ստուգումն ավարտվում է դրանք ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում։

Երկրորդ փուլ՝ հարցազրույց։

Փաստաթղթային փուլը հաղթահարած դիմողների հետ անցկացվում է հարցազրույց՝ պարզելու համար նրանց՝

  • երեխայի, տարեցի, հաշմանդամություն ունեցող անձի և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այլ անձանց իրավունքների իմացությունը,
  • նախարարության և շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների լիազորությունների ու գործառույթների վերաբերյալ գիտելիքները,
  • նշված լիազորությունների և գործառույթների իրականացմանն աջակցելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։

Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուների ցուցակը ներկայացվում է Նախարարին՝ հաստատման։

8. Մրցույթի արդյունքները և խմբի անդամության ժամկետը

Հասարակական դիտորդների խմբի անհատական կազմը հաստատվում է Նախարարի հրամանով։

Մրցույթի արդյունքների մասին դիմողները գրավոր տեղեկացվում են հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան 20 աշխատանքային օրվա ընթացքում։

Հասարակական դիտորդների խմբի անդամն ընտրվում է երեք տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել խմբի անդամ։ Երկու ժամկետ անդամությունից հետո նույն անձը կարող է կրկին ընդգրկվել խմբի կազմում իր լիազորությունների դադարելուց երկու տարի անց։

Խմբի անհատական կազմը հաստատելու մասին նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Նախարարությունը կազմակերպում է անդամների եռօրյա վերապատրաստում։ Վերապատրաստումն ավարտելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում անդամին տրամադրվում է անդամությունը հաստատող վկայական։

 

88