Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մերիդիան» էքսպո կենտրոնում մասնակցել է Digitec 2026-ի շրջանակում «Հայաստանի հնարավորություններն արհեստական բանականության ոլորտում. տեսլականից մինչև գործողություն» թեմայով բաց քննարկմանը՝ NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ։ Քննարկմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Քննարկման ընթացքում արծարծվել են Հայաստանը AI հանգույց դարձնելու ռազմավարությանը և այդ ուղղությամբ նախատեսվող առաջիկա քայլերին վերաբերող հարցեր։

Անդրադառնալով Հայաստանում ԱԲ գործարանների ստեղծմանը՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ այդ ընկերությունները նաև հարկ վճարողներ են, որոնց շնորհիվ համալրվում է ՀՀ պետական բյուջեն, և այդ գումարները կծառայեցվեն ՀՀ կարիքներին՝ առողջապահական ապահովագրությանը, ենթակառուցվածքների զարգացմանը և այլն։ Վարչապետի դիտարկմամբ՝ ԱԲ-ն նաև ստեղծում է ենթակառուցվածք, և որոշ կանխատեսումների համաձայն՝ այդ գործարանները հնարավոր է՝ նպաստեն ավելի շատ աշխատատեղերի ստեղծմանը։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ոլորտում կան մարտահրավերներ, սակայն հնարավորությունները գնալով ավելի են շատանում։ «Դա նաև կախված է քաղաքականությունների ընդունումից և իրագործումից։ Մենք, իհարկե, համագործակցության շրջանակում ուշադրության կենտրոնում կպահենք մեր քաղաքացիների, ժողովրդի կարիքները, այդ թվում՝ այն մարդկանց, որոնք բիզնեսի համար գալիս են Հայաստան։ Տարաբնույթ ներդրողների ենք հրավիրում, որ գան Հայաստան, քանի որ առաջին հերթին դա Հայաստանը դարձնում է ավելի տեսանելի»,– նշել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ ԱԲ-ի հետ կապված գործընթացները Հայաստանը դիրքավորեցին աշխարհի ուշադրության կիզակետում։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ԱԲ ոլորտի զարգացման կարևորությունն ընդգծել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համատեքստում։ «Հիմա Հայաստանը միջազգային և տարածաշրջանային ԱԲ ծառայություններ կմատուցի, դրանք կանցնեն մալուխներով և այլն։ Դա իրական և շոշափելի ենթակառուցվածք է»,– ասել է երկրի ղեկավարը։ Դիմելով ԱԲ ոլորտի ներկայացուցիչներին՝ վարչապետը նշել է, որ արհեստական բանականությունը ճիշտ օգտագործելու ուղղությամբ մեր հասարակությանը, Կառավարությանը, մասնավոր ընկերություններին գիտելիքներ տալու հարցում ակնկալում է նրանց աջակցությունը։

Անդրադառնալով Հայաստանում ԱԲ-ի զարգացմանն ու ընդլայնմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կառավարության քաղաքական նպատակն ու դիրքորոշումը. «Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ։ Մեր նպատակն է օգտագործել արհեստական բանականությունը, որպեսզի մարդկանց աշխատանքը, աշխատանքային ջանքերն էլ ավելի արդյունավետ դառնան։ Եվ մեր կարծիքով՝ առաջին հերթին դա վերաբերում է հանրային ծառայողներին»։

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Կառավարության էներգետիկ վերափոխման ռազմավարությանը և նշել, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման շնորհիվ Հայաստանը հնարավորություն է ստացել ունենալ էներգետիկ անկախություն. «Ներկայումս մենք շատ լավ տեմպով զարգացնում ենք վերականգնվող՝ հատկապես արևային էներգետիկան։ Սակայն հիմա մեզ անհրաժեշտ է ստեղծել կուտակիչ հզորություններ։ Ակնհայտ է, որ առանց դրանց արևային էներգետիկայի օգտակար գործողության գործակիցը կրկնակի նվազում է»։

Քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկա օրերին պաշտոնապես կազդարարվի TRIPP ծրագրի մեկնարկը. «Այս ծրագրի շատ կարևոր մաս է էներգիան, էլեկտրաէներգիայի տարանցումը։ Հիմա մենք կապակցելու ենք մեր ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկական ցանցերի հետ, մենք արդեն կապակցված ենք Իրանի, Վրաստանի հետ։ Եվ ներդրումներ ենք անում, որպեսզի էներգիայի տեղափոխումն ավելի արդյունավետ դառնա։ Նկատի ունեմ՝ սա իրոք շատ կարևոր և անհավատալի վերափոխում է, իսկապես «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դառնում է իրականություն»։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև ցուցահանդես, որին մասնակցել են ավելի քան 150 ընկերություն, 64 ստարտափ և միջազգային պատվիրակություններ։ Digitec-ը տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական և արհեստական բանականության իրադարձությունն է, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ / UATE)։ 2026 թվականին Digitec-ն ամբողջությամբ նվիրված է արհեստական բանականությանը և անցկացվում է «Աշխարհի նոր AI հանգույց» խորագրի ներքո։

257