Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մշակվել է «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» նախագիծը, որը ներկայացվեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստին:  

«Երևաննախագիծ» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը նշեց, որ գեներացրել են մի փաստաթուղթ, որը թեպետ ամբողջությամբ չի լուծում այն խնդիրները, որոնք ունի Երևանը, բայց կարգավորում է հարցեր, որոնք առնչվում են երևանցիներին և Երևանի շահերին:

Օրինակ՝ նոր նախագծով որոշակի սահմանափակումներ են սահմանվել բակային տարածքների նկատմամբ:

«Կան բավականին մեծ տարածքներ բակային հատվածներում, որոնք ծանրաբեռնված են ավտոտնակներով և զավթումներով: Այս մասով ամրագրում ենք կատարել որպես ընդհանուր օգտագործման տարածքներ, որպեսզի հնարավոր չլինի իրադրությունը թաղամասերում առավել բարդացնել, այսինքն՝ համայնքային սեփականության հողերի վրա իրականացնեն նոր շինություններ»,- ասաց Անդրանիկ Սեդոյանը:

Ճշգրտվել են Երևանի այգիների ցանկը, մակերեսները, մոտ 2 անգամ ավելացել են կանաչ տարածքները, հիմնվել են անտառային գոտիներ Եռաբլուրում, Ծիծեռնակաբերդի տարածքում, Հրազդանի կիրճին տրվել է հատուկ պահպանվող կանաչ տարածքի կարգավիճակ՝ հետագայում բացառելու ցանկացած տիպի կառուցապատում: Թարմացվել է նաև Երևանի ճանապարհատրանսպորտային ցանցը, նոր կառուցված և կառուցվելիք ճանապարհներն ընդգրկվել են փաստաթղթում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ սա միջանկյալ փուլ է, որից հետո ամբողջ աշխատանքը կտեղափոխվի թվային դաշտ, որպեսզի քաղաքային պլանավորումն է՛լ ավելի հաշվարկելի և տրամաբանական դառնա:

«Երևան քաղաքը ՀՀ-ում միակ ՏԻՄ մարմինն է, որտեղ GIS համակարգ ունենք ներդրված: Մեր հետագա գործողությունները լինելու են գլխավոր հատակագիծը տեղափոխելը թվային դաշտ, թվային քարտեզ, որը տարբեր շերտերով ներառելու է ենթակառուցվածքները՝ լույսը, ջուրը, գազը, մշակութային հուշարձանները...»,- ասաց Ավինյանը:

«Հանրապետություն» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին, որպեսզի Երևան քաղաքն աշխատի բնականոն հունով, բայց այն համարում է անցումային, և կարիք կա հետագա մշակումների:

««Հանրապետություն» խմբակցությունը հետևողական է լինելու, որ այս փաստաթուղթն ընդունվելուց հետո շարունակվեն գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները»,- ասաց խմբակցության անդամ Նելլի Ղարդյանը և հիշեցրեց, որ 2020-ին հին հատակագիծը կորցրել է ուժը, քանի որ 2005-ին ընդունվել էր 15 տարով:

251