Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրին:

102 մլն եվրո արժողությամբ վարկային ծրագրի նպատակներն են աջակցել Հայաստանին՝ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:

Վարկային գումարից մասհանումներն իրականացվելու են նախապես համաձայնեցված և սահմանված թիրախներին հասնելու դեպքում: Վարկային ծրագրի փաթեթի նախապատրաստումը տևել է շուրջ մեկ տարի, և ցուցանիշները մշակվել են Առողջապահության նախարարության, Ֆինանսների նախարարության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի և համաձայնեցման արդյունքում:

Վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները նախատեսվում է ուղղել Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը: Յուրաքանչյուր տարի տրամադրվող գումարների չափը և եղանակը ենթակա է համաձայնեցման Ֆինանսների նախարարության հետ` ամենամյա բյուջեի քննարկման շրջանակներում:

Ծրագրի ավարտի ամսաթիվը 2029 թվականի սեպտեմբերի 30-ն է։

175