Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունգարիայում կոռուպցիոն սկանդալի շրջանակում հայտնաբերվել է շուրջ 17,6 միլիոն եվրո (շուրջ 20 մլն դոլար) կանխիկ գումար։ Խուզարկություններն իրականացվել են Վիկտոր Օրբանի կառավարության նախկին նախարար Միկլոշ Սեշտակի դեմ հարուցված գործի շրջանակում։

Հունգարիայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմնի՝ NVVH-ի տվյալներով՝ գումարը հայտնաբերվել է անտառում, գյուղատնտեսական շինություններում, պահեստներում, կասկածյալի բնակարանում, ինչպես նաև չհրկիզվող պահարանում։ Գումարը հաշվելու համար գանձապետարանի 12 աշխատակիցներից պահանջվել է 8 ժամ և 5 հաշվիչ սարք։

Գործի կենտրոնական դեմքը Միկլոշ Սեշտակն է, որը Օրբանի կառավարության օրոք զբաղեցրել է ազգային զարգացման նախարարի պաշտոնը։ Նա կասկածվում է շուրջ 34 միլիոն եվրոյի կաշառք ստանալու մեջ և սեպտեմբերի վերջից կալանքի տակ է։

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ բացահայտվածը վկայում է երկրում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն համակարգի մասին։ Նա Օրբանին անվանել է «տապալված մաֆիոզ առաջնորդ»։

«Այսօրվանից ապացուցված է, որ Վիկտոր Օրբանը մաֆիոզ առաջնորդ է։ Տապալված մաֆիոզ առաջնորդ», — հայտարարել է Մադյարը։

Այս շաբաթ ձերբակալվել է նաև Օրբանի կրտսեր եղբայրը՝ Արոնը։ Նա կասկածվում է մարդկանց թրաֆիքինգի և ազդեցության չարաշահման մեջ։ Կալանքի տակ է նաև Հունգարիայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Գյորգի Մատոլչին, որին մեղադրում են բանկի հիմնադրամների միջոցները հնարավոր չարաշահելու մեջ։

Օրբանը հետաքննություններն ու ձերբակալությունները որակել է որպես քաղաքական «բռնաճնշումներ», որոնց նպատակն իր քաղաքական գործունեությանը վերջ դնելն է։

126