Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մանչեսթեր Սիթիի» շուրջ ծավալված իրավական և ֆինանսական գործընթացները սկսում են ուղղակիորեն հարվածել ակումբի սեփականատեր City Football Group-ի (CFG) բիզնես շահերին։ Financial Times-ի հաղորդմամբ՝ ամերիկյան Apollo Global Management ներդրումային ընկերությունը հրաժարվել է CFG-ին 2 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու նախնական ծրագրից։
Թեև կողմերը գտնվում էին բանակցությունների վերջնական փուլում, գործարքն այդպես էլ չի կայացել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմի որոշման վրա վճռորոշ ազդեցություն է ունեցել Պրեմիեր լիգայի անկախ հանձնաժողովի սեպտեմբերյան եզրակացությունը, որով «Մանչեսթեր Սիթին» մեղավոր էր ճանաչվել ֆինանսական կանոնների խախտումների գործով։
Նախատեսվող 2 միլիարդ դոլարի ֆինանսավորումը պետք է ապահովեր տարբեր մայրցամաքներում ակումբներ ունեցող City Football Group-ի լրացուցիչ իրացվելիությունը և հնարավորություն տար վերաֆինանսավորելու գործող վարկային պարտավորությունները։ Տեղեկությունը տարածել է նաև Reuters-ը՝ նշելով, որ Apollo-ն և «Մանչեսթեր Սիթին» դեռևս չեն արձագանքել մեկնաբանության հարցումներին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Պրեմիեր լիգայի անկախ հանձնաժողովն արձանագրել էր, որ 2009/10-ից մինչև 2017/18 մրցաշրջաններն ընկած ժամանակահատվածում «Մանչեսթեր Սիթին» օգտագործել է իրական պայմանավորվածությունները չարտացոլող առևտրային պայմանագրեր՝ արհեստականորեն ուռճացնելով եկամուտները և նվազեցնելով ծախսերը։ Հանձնաժողովի գնահատմամբ՝ ակումբի ֆինանսական ցուցանիշները խեղաթյուրվել են ավելի քան 900 միլիոն ֆունտ ստեռլինգով։
Անգլիական ակումբը չի ընդունել մեղադրանքները և հայտարարել է որոշումը բողոքարկելու մասին՝ պնդելով, որ դրանում առկա են իրավական ու փաստական էական սխալներ։ Հատկանշական է, որ հոկտեմբերին ակումբի սեփականատեր շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը City Football Group-ի կապիտալում լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգի ներդրում էր կատարել։
Financial Times-ի տվյալներով՝ «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկման լսումները կկայանան դեկտեմբերի կեսերին, իսկ վերջնական վճիռը սպասվում է 2027 թվականի սկզբին։ Եթե ակումբի բողոքը մերժվի, պատժամիջոցների հարցը կքննարկվի առանձին։ Պրեմիեր լիգայի կանոնակարգը նման խախտումների համար նախատեսում է խիստ պատիժներ՝ խոշոր տուգանքներից ու միավորների կորստից մինչև առաջնությունից հեռացում։