Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճանապարհային դեպարտամենտից մեկնաբանել են, թե ինչու են Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում տեղադրում արգելապատնեշներ:
«Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ10+500 հատվածում՝ Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում (դեպի Սևան ընթացքի ուղղությամբ), կատարվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Երթևեկելի գոտիների աջ հատվածում տեղադրվում են երկաթե արգելապատնեշներ՝ միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Երթևեկության փոփոխությունը համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ հետ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրում էր ուղեփակոց, սակայն «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները փորձ էին արել խոչընդոտել աշխատանքները՝ իրականացնելով անհնազանդության ակցիա:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից հայտնել էին, որ ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգը պահելու ժամանակ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով (ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը) նախատեսված արարքի համար 15 անձի բերման էր ենթարկել բաժին: