Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ-ն վերջապես ձևավորեց իր արտաքին հետախուզությունը, որը անում է իր առաջին քայլերը և այս տարի ԱԺ-ում բյուջեի քննարկման փակ նիստի ժամանակ ներկայացվել են այն կատարված աշխատանքները, որ այս պահի դրությամբ իրացված են: Այս մասին այսօր Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

 

«Բոլորս հասկանում ենք,  որ այդ աշխատանքի կարևորությունը խիստ անհրաժեշտ է մեր պետության համար, ոչ միայն բարեկամներ գտնելու, այլ նաև վտանգները օր առաջ հայտնաբերելու և տեղեկացված լինելու համար»,- ասաց նա:

 

Քոչարյանը նշեց, որ Սփյուռքը ունի հսկայական ներուժ և այս գործում անելիք ունի:

 

«Մեր առաջնահերթություններից է նաև ռազմական արդյունաբերությունը: Եթե հաշվի առնենք, որ 2018 թվականին մեր իշխանության գալու ընթացքում մենք որպես այդպիսին ռազմական արդյունաբերություն կարելի է ասել չունեինք: Սովետական տարիներին այդ արդյունաբերությունը բավականին լավ ներկայացված եղել է, սակայն դրանից հետո ոչնչացվեց այն»,- ասաց Քոչարյանը:

 

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ռազամարդյունաբերությունը զարգանում է և ԱԺ Պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովը ունի անելիք և անում է. «Այսօր բանակի համար արտադրվում են բաներ, որ նախկինում երազել կարելի էր: Վերջին տարիուկեսվա ընթացքում ես կարևորում եմ այն ինժեներական աշխատանքները, որոնք այսօր առկա են, և 2026 թվականին Հայաստանի սահմանային ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով, որոնց մեջ զինվորը կլինի ավելի պաշտպանված: Այս ամենը այն իրողությունն է, որ պատերազմից հետո ՀՀ-ն իր կառավարության և բյուջեի ծախսերի մեջ ներառել է, և դրանք պաշտպանական և անվտանգային ոլորտի զարգացվածության համար աննկարագրելի մեծ են»:

 

675