Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խորին ցավով տեղեկացանք փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանի և լեյտենանտ Քվենտին Կլիզի մահվան մասին, որոնք զոհվել են ծառայողական թռիչքի ընթացքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։
Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Այն ցավակցություն է հայտնել երկու զինծառայողների ընտանիքներին, հարազատներին և Ֆրանսիայի ռազմաօդային և տիեզերական ուժերի ողջ անձնակազմին։
Նշենք, որ հոկտեմբերի 20-ի երեկոյան Ֆրանսիայի հյուսիս-արևելքում՝ Նանսի քաղաքի և Նանսի-Օշեի ավիաբազայի մերձակայքում, բարդ եղանակային պայմաններում պլանային գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի երկտեղանոց «Mirage 2000D» կործանիչը։
Հաղորդվում է, որ օդանավում եղել են 27-ամյա օդաչուն և 44-ամյա շտուրման-օպերատորը, որոնք զոհվել են։
Ներկայումս ռազմական և դատական մարմինները հետաքննություն են իրականացնում՝ աղետի ստույգ պատճառներն ու տեխնիկական հանգամանքները պարզելու նպատակով։
Ինչպես հայտնել է Պոնտ-ա-Մուսոնի քաղաքապետ Անրի Լեմուանը, ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ։ Իսկ Ռոժևիլի քաղաքապետ Պասկալ Դուայոտի խոսքով՝ ականատեսները հզոր պայթյուն են լսել և տեսել հրե գունդ։