Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավարտվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերին մասնացելու համար նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 անձի մասով:
Փաստերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ իրականացվող հավաքներին, անհնազանդության ակցիաներին, ցույցերին, նստացույցերին, երթերին, հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով, Արարատի մարզի բնակիչ Գ.Վ.-ն և Վայոց ձորի մարզի բնակիչ Վ.Դ.-ն կազմակերպել ու ղեկավարել են այդ նպատակով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչներին նյութապես շահագրգռելը։
Հիմնավորվել է, որ նշված անձինք 2024թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում հանրապետության տարբեր հատվածներում տեղի ունենալիք հանրահավաքներին մասնակցելու համար, Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի կազմակերպմամբ ու ղեկավարմամբ, հավաքագրել են Վայոց ձորի մարզի շուրջ 250 բնակիչների, որոնց տրամադրել են գումարներ՝ մեկ անձի հաշվարկով 5000-12000 ՀՀ դրամ:
Գ.Վ.-ի և Վ.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ գրավի և բացակայելու արգելքի հետ համակցված, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ բացակայելու արգելքի հետ համակցված, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի հունիսի 17-ի հաղորդագրության Գ.Վ.-ն Վ.Դ.-ին հանձնարարել է 15.000 ՀՀ դրամ տալ ոմն Սուրիկի և նույնչափ գումար պահել իր մոտ: Բացի այդ, պարզվել էր, որ Գ.Վ.-ն Վ.Դ.-ի օժանդակությամբ 5000-ական ՀՀ դրամներ է փոխանցել ոմն Սուրիկին և գործով չպարզված այլ անձանց՝ ցույցերին մասնակցելու նպատակով։
Գ.Վ.-ն և Վ.Դ.-ն ձերբակալվել էին, նրանց ներկայացվել են մեղադրանքներ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարեու համար։
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք, դատարանի որոշումներով, բավարարվել են, և նշված անձինք կալանավորվել են։