Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված ընդհանուր ժողովին և ղեկավար կազմի ընտրությանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը և գլխավոր քարտուղար Մատյաշ Պեչովնիկը, ՀՀ բուհերի, մարզական ֆեդերացիաների և համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
«Ուսանողական սպորտն աշխարհում մեծ տեղ ունի, և հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, այն լավ ազդակ է ներկայանալու, մասնակցելու մարզական ստուգատեսների, արձանագրելու հաջողություններ»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ ընդգծելով, որ պետության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ` միջազգային ուսանողական սպորտում ավելի մեծ ընդգրկունություն ապահովելու համար։
Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է 2025 թվականի սեպտեմբերին Երևանում կայանալիք շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Նա շնորհավորել է ֆեդերացիայի հիմնադրման հոբելյանական տարեդարձը, արժևորել ուսանողական սպորտի զարգացման գործում կառույցի կատարած աշխատանքը, մաղթել, որ այն շարունակաբար ուղղված լինի սպորտի զարգացմանն ու տարածմանը, առողջ ապրելակերպի քարոզին։
«Մարդու կենսագործունեության համար ֆիզիկական առողջությունն ամենահաստատուն հենարանն է, քանի որ առողջ մարմնում է ապրում առողջ հոգի և առողջ միտք»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, ընդգծելով, որ ուսանողական սպորտը կրթական գործընթացի անբաժանելի մասն է, բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերն ու ՀՈՒՄՖ աշխատանքը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանն իր կարևոր տեղն ունի եվրոպական մարզական մեծ ընտանիքում։
Այնուհետև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը ներկայացրել է հաշվետվություն «Համալսարանական սպորտը Հայաստանում 2020-2024 թթ.» խորագրով: Նա անդրադարձել է ֆեդերացիայի հնգամյա գործունեությանը, ձեռքբերումներին, հայաստանյան և միջազգային հարթակներում մարզիկ ուսանողների հաջողություններին, ապագայի ծրագրերին։
Ժողովին ներկա են եղել 25 կազմակերպության 35 պատվիրակներ, որոնք էլ հաջորդիվ կատարել են ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունը։