Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկար տարիներ շարունակ նրա անունը կապվել է հայկական սպորտային հեռարձակման ամենավառ պահերի հետ։ Նրա ձայնը ուղեկցել է հաղթանակներ ու պարտություններ, դարձել է ազգային էմոցիայի մի մասնիկ՝ մեկնաբանելով, պատմելով, ապրելով ամեն մրցապայքար այնպես, ինչպես դա անում է մարզիկն ինքը։ Նա ոչ միայն երկարամյա մարզական մեկնաբան է, այլ նաև մարզական աշխարհի նվիրյալ մտավորական։ Նա խոսում է ոչ թե իր պաշտոնների, այլ իր համոզմունքների, ապրումների ու հիշողությունների մասին։  

Մարզական լրագրող, մեկնաբան, Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության խորհրդի անդամ Կարեն Գիլոյանի հետ զրուցել ենք նրա անցած ճանապարհի, հաղթանակների ու պարտությունների, հիասթափությունների, ռիսկերի ու վախերի, և, իհարկե՝ հայկական մարզական լրագրության ներկայի ու ապագայի մասին։

Պարոն Գիլոյան, Դուք մասնագիտությամբ մեքենաշինության ոլորտից եք` էկոնոմիկա և կառավարում, ինչը, առաջին հայացքից, շատ հեռու է լրագրությունից։ Ինչպե՞ս եղավ այդ շրջադարձը դեպի լրագրություն։ Դա Ձե՞ր ընտրությունն էր, թե՞  պատահականություն։

Ճիշտ եք նկատում։ Երբ սովորում էի պոլիտեխնիկ ինստիտուտում, այն ժամանակ այնտեղ կար հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, որտեղ կարող էիր զուգահեռ կրթություն ստանալ այլ ոլորտում։ Ես հենց այնտեղ ընտրեցի ժուռնալիստիկան։ Այդ ընտրությունը պատահական չէր։

Պոլիտեխնիկն ավարտեցի գերազանցությամբ, հետո մեկնեցի Ռուսաստան՝ Դոնի Ռոստով։ Մեկ տարի ապրել եմ այնտեղ, բայց հետո վերադարձա Հայաստան։ Այդ ժամանակ «Նորքի լուրերն» էին բացվում, մասնակցեցի մրցույթին ու անցա։ Դա 1995 թվականի վերջերն էր։ 1996-ից արդեն աշխատում էի «Նորքում»։ Սկզբից խնդրեցի, որ ինձ տան սպորտային ուղղությունը։ Շուտով տեղափոխվեցի «Լրաբեր», որտեղ արդեն նյութեր էի պատրաստում, տնօրենն էլ Ալեքսանդր Իսկանդարյանն էր։ Այդ ընթացքում Սլավա Սարգսյանը ինձ հրավիրեց համագործակցության՝ որպես սպորտային լրագրող։ Դիմացս շախմատի աշխարհի առաջնությունն էր՝ գայթակղություն, որին այլևս չկարողացա դիմադրել։

Հիշու՞մ եք Ձեր առաջին սպորտային ռեպորտաժը։ Ինչպե՞ս սկսվեց պրակտիկան։

Այո՛, իհարկե։ Առաջին անգամ սպորտային թեմայով ռեպորտաժ պատրաստեցի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ընկերական հանդիպումից` Կիպրոսի հավաքականի դեմ։ Այդ ժամանակ «Նորքի լուրեր»-ի տնօրենը Նիկոլայ Գրիգորյանն էր։ Գնացի ասացի, որ ուզում եմ լուսաբանել այդ հանդիպումը, համաձայնեց։ Այդ ռեպորտաժն էլ դարձավ բեկումնային։ Սլավա Սարգսյանը տեսավ նյութը, զգաց, որ թեմայի մեջ եմ, ու հենց այդ պահից սկսվեցին բանակցությունները, ու հենց այդ պահից սկսեցի աշխատել որպես սպորտային լրագրող։ Հենց այդպես, մի խաղից ամեն ինչ փոխվեց։

Ե՞րբ սկսեցիք աշխատել որպես սպորտային մեկնաբան։

Իմ մեկնաբանական ուղին սկսվեց դեռևս 1998 թվականին` պատանեկան համաշխարհային խաղերից, որոնք անցկացվում էին Մոսկվայում։ Այն ժամանակ ուղիղ եթերներ չկային` նկարում էինք տեսախցիկով, հետո տեսաերիզները ինքնաթիռով ուղարկում էինք Հայաստան։ Հայաստանում դիմավորում էին  (ժպտում է) և միայն հաջորդ օրը ցուցադրում։ Այդպիսին էին ժամանակները։

Հայաստանում մեկ ֆուտբոլային հանդիպում եմ մեկնաբանել, որն էլ եղել է 2000 թվականի սեպտեմբերին` Հայաստան-Նորվեգիա խաղը։ Դա էլ դարձավ պատմական, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին արտասահմանյան ուղիղ ռեպորտաժն էր։ Մինչ այդ բոլոր խաղերը ցուցադրվում էին միայն տեսաերիզով, ուղիղ եթեր չէր լինում։

Ո՞րն է եղել Ձեր ամենաարդարացված ռիսկը կարիերայում։

Ինձ համար ռիսկը միշտ մի բան է, որի մեջ կա վստահություն։ Ես բազմիցս հայտնվել եմ իրավիճակներում, երբ հարցը եղել է՝ «կարո՞ղ ես, թե՞ ոչ», ու ես միշտ ասել եմ՝ «կարող եմ»։ Ոչ թե ինքնավստահությունից, այլ հավատից։ Եվ արել եմ։ Այդպիսի օրինակներից մեկն էլ հենց 2000 թվականի Աշխարհի առաջնության Հայաստան-Նորվեգիա ֆուտբոլային խաղի մեկնաբանությունն էր։ Մինչ այդ ընդամենը մեկ խաղակես էի մեկնաբանել Սլավա Սարգսյանի հետ, իսկ այդ խաղը՝ ամբողջությամբ ինձ էր վստահվել։ Իրավիճակն այնքան լուրջ էր, որ հենց հեռուստառադիոխորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանն էր ինձ անձամբ ասել՝ դու պետք է մեկնաբանես։ Ես առանց երկմտելու գնացի։

Ռիսկեր շատ են եղել։ Օրինակ՝ երբ Վաղինակ Գալստյանը դարձավ աշխարհի չեմպիոն, ես չդիմացա էմոցիաներին և ուղղակի ցատկեցի երեք մետր բարձրությունից՝ գորգի վրա։ Կողքից փակել էին մուտքը մեր թիմի կողմից, որովհետև արդեն գուշակում էին, թե ինչ եմ անելու, բայց ես օդից հասկացա՝ ինչ պիտի անեմ ու բարձրացա մյուս՝ կորեացիների կողմից։ Հետո ուզում էին ակրեդիտացիայից զրկել, բայց բան դուրս չեկավ։

2015-ին էլ Բաքվում, երբ հարցազրույց էի տվել ադրբեջանական հեռուստաընկերություններին, պայմանավորվել էինք, որ մոնտաժ չեն անելու, միայն թարգմանություն ու տիտրեր կդնեն ու այդպես էլ այդ հարցազրույցը եթեր չի գնացել։ Որովհետև ասել էի այն, ինչ մտածում էի՝ առանց դիվանագիտական սրբագրումների։

Ո՞րն է եղել Ձեր ամենաթանկ հաղթանակը որպես լրագրող։

Իհարկե՝ բոլոր հաղթանակներն էլ կարևոր են։ Յուրաքանչյուր մեդալ, յուրաքանչյուր ելույթ ունի իր պատմությունն ու հոգեվիճակը, որը փոխանցվում է նաև լրագրողին։ Բայց, անկեղծ ասած, ամենաշատը հուզվել եմ մի քանի առանձնահատուկ պահերի ժամանակ։ Օլիմպիական խաղերում՝ Արթուր Ալեքսանյանի հաղթանակը, աշխարհի առաջնություններում՝ Տիգրան Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի։ Ոչ թե մյուսներին չեմ սիրել կամ քիչ եմ կարևորել, այլ պարզապես այդ մրցումների հույզն էր ուրիշ, սպասումն էր ուրիշ։ Այդ պահին այդ հաղթանակներն ինձ համար դարձել էին ամենաթանկը՝ թե՛ զգացմունքային, թե՛ ազգային հպարտության իմաստով։

Իսկ ո՞րն է եղել Ձեր մեծ հիասթափությունը։

Հիասթափություններ, իհարկե, եղել են։ Հատկապես այն ժամանակ, երբ մրցումներից ձեռնունայն ենք վերադարձել։ Բայց այդ զգացումը երկար չի տևել։ Ես երբեք չեմ «թաղել» մարզիկին՝ անգամ ամենացավոտ պարտությունից հետո։ Ոչ մի անգամ չեմ փորձել վիրավորել կամ պախարակել։ Սպորտում ամեն ինչ հնարավոր է, և ես միշտ փորձել եմ հասկանալ՝ պատահականությու՞ն էր, հոգեբանական ճնշու՞մ, թե իսկապես մոտիվացիայի բացակայություն։ Եղել են պահեր, երբ նույնիսկ շատ կոշտ եմ արտահայտվել՝ ամբողջ թիմի առաջ։ Մեկին, օրինակ, ասել եմ. «Ինչ էլ որ լիներ, դու իրավունք չունեիր մասնակցել այս աշխարհի առաջնությանը՝ թեկուզ քո հաշվին, որովհետև ներկայացնում ես Հայաստանը։ Եվ հենց դա է ամենակարևորը՝ ոչ թե քո անունն է գրվում մրցաշարի աղյուսակում, այլ՝ մեծատառերով Հայաստան»։ Բայց որպես կանոն՝ պարտությունից հետո ես միշտ ընտրել եմ սատարող դիրք։ Գնացել եմ, կանգնել եմ կողքին, փորձել եմ ուժ տալ։ Եվ շատ հաճախ հենց այդ մոտեցումն է օգնել նրանց՝ վերադառնալու, հաղթելու։

Եղե՞լ է խաղ, որի ընթացքում ստիպված եք եղել պահել արցունքները, իսկ հետո լաց լինել եթերից դուրս։

Այո… շատ անգամներ։ Որքան մեծացել եմ, այնքան նյարդերս բարակել են, և հուզմունքն էլ դարձել է անկառավարելի։ Կան պահեր, երբ նույնիսկ եթերում չեմ կարողացել զսպել ինձ. հեծկլտոցս լսվել է՝ կարճ, բայց իրական։ Գիտեք, դրական հույզերն էլ պետք չէ թաքցնել։ Դա չի խանգարում պրոֆեսիոնալիզմին, դա միայն ավելացնում է հոգի։

Հիշում եմ մի դեպք՝ 2007 թվականին։ Մենք մարզման սրահում էինք, Բաքվում էինք, շուրջբոլորս՝ ադրբեջանցիներ։ Մեր ըմբիշը հաղթեց, ու ես ուզում էի գոռալ՝ սրտիս ողջ ուժով։ Բայց թիմի անդամները երկու ձեռքով բերանս փակեցին, որ չբղավեմ։ Հաղթանակի գոռալը խեղդվեց իմ մեջ… և դրանից հետո մի քանի ժամ մարմինս ցավում էր՝ բառի բուն իմաստով։ Զգում էի՝ մեջս բան էր մնացել, մի ամբողջ զգացողություն, որ դուրս չեկավ։ Եվ հենց այդ պահին հասկացա՝ եթե հույզ ունես, պիտի արտահայտես։ Մարդ ես։ Մարզիկը կռվում է՝ ֆիզիկապես, մեկնաբանը՝ հոգեպես։ Երկուսն էլ պետք է կարողանան ազատել այդ լարումը։ Ու ես երբեք չեմ ամաչել արտասվել, երբ հաղթում է Հայաստանը, ես մարդ եմ՝ մինչև լրագրող լինելը։

Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա հայաստանյան մարզական լրագրությունը։

Ճշմարտությունը այն է, որ այսօր ունենք շատ լավ մասնագետներ՝ պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված մարդիկ, ովքեր իրոք հասկանում են, թե ինչ են անում։ Չեմ կարող չնշել՝ այդ մարդիկ քիչ են, բայց լավն են։ Նրանց աշխատելաոճը, մոտեցումը, հմտությունները հուսադրող են։ Հիմքը կա։ Բայց դրա կողքին կա նաև մի շատ ցավոտ իրականություն։ Այն մարդիկ, ովքեր «ձեռքի հետ» են զբաղվում մարզական լրագրությամբ, իբր ժամանակ են լրացնում, իսկ իրականում՝ ոչինչ չեն հասկանում, աղետալի պատկեր են ստեղծում։ Դա արդեն պարզապես վատ չի, դա՝ կատաստրոֆա է։ Անտեղյակությունը ակնհայտ է։ Չեն տարբերում՝ գավաթի խաղարկությունն ու գավաթի առաջնությունը։ Չեն հասկանում՝ պատանեկան աշխարհի առաջնությունում հաղթելը ու մեծահասակների աշխարհի չեմպիոն դառնալը ինչ տարբերություն ունի։ Եվ ոչ միայն չեն հասկանում, այլ նաև սխալ տեղեկություն են տարածում, որն հետո շատերը փաստ համարելով՝ կրկնում են։ Չեն հասկանում, որ պատանիների ու երիտասարդների աշխարհի չեմպիոն չեն լինում։ Աշխարհի չեմպիոնը միայն մեծահասակների տիտղոս է պաշտոնական առաջնություններում նվաճած։ Կան ավելի խոշոր սխալներ, օրինակ՝ չի լինում 0-3 հաշվով հաղթանակ կամ պարտություն։ Իմացողի համար դա կոպտագույն սխալ է, որը չի կարելի թույլ տալ։ Բայց գրում են առանց մտածելու։ 

Ի՞նչը կփոխեիք մարզական լրագրության մեջ։

Մի բան հաստատ կփոխեի. թույլ չէի տա, որ այն մարդիկ, ովքեր մարզական լրագրության հետ որևէ խորքային կապ չունեն, զբաղվեն այս գործով։ Սպորտը թույլ չի տալիս «կիսաֆաբրիկատ» վերաբերմունք։ Չի կարելի լինել «հարցազրուցավար» և չհասկանալ, թե ինչն է տարբերում Եվրոպայի առաջնությունն աշխարհի առաջնությունից, կամ երբ ասում ենք «մրցաշար», երբ՝ «առաջնություն»։ Սպորտը մի լեզու ունի՝ հստակ, սուր, ազնիվ։ Այդ լեզվով միայն նա կարող է խոսել, ով ապրում է սպորտով։ Յուրաքանչյուր տերմինից շատ բան է կախված։ Դու մեկ տերմին սխալ ես օգտագործում, ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս։ Դրա համր կուզեի, որ սպորտային լրագրությամբ զբաղվեն միայն կրթված, մասնագիտացված, սպորտ իմացող, սպորտի հաղթանակի արժեքը հասկացող մարդիկ։ 

Դուք նաև դասավանդում եք սպորտային լրագրություն։ Որպես դասախոս, ի՞նչ երեք խորհուրդ կտաք ապագա լրագրողներին։

Նախ՝ պիտի կատարելապես տիրապետել հայոց լեզվին, սպորտին, գոնե այն մարզաձևին, որը հիմնականում լուսաբանում ես, և հարգել հեռուստադիտողին, ռադիոլսողին, մարզասերին։ Չխաբել, լինել ազնիվ, որպեսզի իրենց ընդունեն ու սիրեն։

Ի՞նչն է ամենակարևորն այսօր լրագրողի համար՝ ճշմարտությու՞նը, արագությու՞նը, թե՞ ազդեցիկ լեզուն։

Ճիշտ ժամանակին ու ճիշտ կերպ լուսաբանումը։ Կապ չունի՝ հաղթանակ ես լուսաբանում, թե պարտություն։ Անգամ պարտությունը կարելի է այնպես ներկայացնել, որ այդ մարդը կարիերան չավարտվի։ Բայց պարտությունն էլ պետք է ներկայացվի։ Պարտությունից չպետք է խուսափել։ Եթե քողարկես, ապա լավ բան չի ստացվի։ Պետք է ազնիվ լինել ու հարգել նրանց, ովքեր վստահում են քեզ ու քո միջոցով են ուզում սպորտից տեղեկանալ։

Ինչպե՞ս եղավ անցումը լրագրող լինելուց դեպի ոլորտի պատասխանատու։ Դժվա՞ր էր…

Կառավարությունից` Վահրամ Դումանյանից, առաջարկ ստացա, քննարկեցինք։ Ծանր օրեր էին, գտա, որ կօգնեմ սպորտին։ Ես քաղաքականության մեջ երբեք չեմ եղել և չեմ էլ լինելու։ Ուղիղ 4 տարի է տևել իմ պաշտոնավարումը, և գտնում եմ, որ կառավարության հետ համատեղ լավ ծրագրեր ենք իրականացրել, սպորտին օժանդակությունը մեծ է եղել, լավ արդյունքեր ենք ունեցել և կա։ Լավագույն արդյունքն էլ՝ 445 մեդալ։

Պարոն Գիլոյան, շնորհակալություն հարցազրույցի համար։

Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան

 

 

 

 

 

447