ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը‚ նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Սերժիկ Պետրոսյանը հանդիպում են ունեցել ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ կատարող կապալառու ընկերությունների‚ նախագծող և շինարարության որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նման ձևաչափով հանդիպումներ պարբերաբար են կայանում‚ որոնց ընթացքում քննարկվում է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։ Այս մասին հայտնում է ՏԿԵՆ-ը։
 

Այս պահի դրությամբ ՀՀ միջպետական‚ հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին մեծ ծավալով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում‚ որոնց ժամանակ երբեմն ի հայտ են գալիս տեխնիկական ու նախագծային որոշ հարցեր‚ որոնց լուծման համար նախագծողը ներկայացնում է առաջարկներ‚ և պատվիրատուի հետ քննարկման արդյունքում ընտրվում է խնդրի լուծման օպտիմալ տարբերակը։
 

Հանդիպման ընթացքում‚ մասնավորապես‚ անդրադարձ է եղել Մ-8‚ Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 6.5 կմ հատվածի‚ Տ-1-39 (Մ-1)-Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ (Տ-1-17) ավտոճանապարհի 3.1 կմ‚ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ճանապարհի 5.6 կմ‚ Հ-8‚ Երևան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության 9.1 կմ հատվածների և այլ ճանապարհների հիմնանորոգման ընթացքին։ Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին ճանապարհների հողային պաստառում գոյություն ունեցող գրունտների կարգերի ուսումնասիրմանը‚ ժայռային հանույթին‚ անվտանգության տարրերին և այլն։
 

Նախագծողի‚ կապալառուի և տեխհսկողի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այցելություններ կատարել նաև շինհրապարակներ և տեղում դիտարկել առաջարկվող լուծումների հնարավորությունները։

441